Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցությանը, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ու ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրներին և առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնք տեղ են գտել նաև ս.թ. նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև համազգային կարևորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքին, Սիրիայում չդադարող կործանարար պատերազմի հետևանքով այդ երկրի բնակչության հետ միասին ծանրագույն փորձությունների և զրկանքների ենթարկվող սիրիահայ համայնքին աջակցության խնդիրներին:

«Հանրապետության նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կարևորել և ժամանակի հրամայական են համարել Հայոց պետությանը, Եկեղեցուն ու հայ ժողովրդին միասնաբար ծառայելը և ի նպաստ համազգային խնդիրների լուծման՝ համատեղ գործելը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։