Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունն արդեն զգում է երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների, ինչպես նաև Մոսկվայի նախաձեռնած հակաքայլերի` մասնավորաբար արևմտյան ծագման սննդամթերքի ներկրման արգելքի հետևանքները: Սա են վկայում մոսկովյան «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի երեկ հրապարակած հերթական հետազոտության արդյունքները:
Մոսկվացի սոցիոլոգները նախ և առաջ փորձել են պարզել` Ռուսաստանի բնակիչները եվրոպական, ինչպես նաև ամերիկյան, կանադական և ճապոնական արտադրության սննդամթերքի ներկրման արգելքից հետո սպառողական գների աճ նկատե՞լ են, թե՞՝ ոչ:
Եթե օգոստոսին այս հարցին դրական էր պատասխանել հարցված ռուսաստանցիների միայն 35 տոկոսը, ապա հոկտեմբերին արդեն այդ ցուցանիշը հասել է 64 տոկոսի: Հարցվածների ևս 22 տոկոսը գների աճին անձամբ դեռ չի բախվել, սակայն համոզված է` մոտ ապագայում դա տեղի կունենա:
Անուղղելի լավատեսների թիվը Ռուսաստանում, ըստ «Լևադա»-ի, այնքան էլ մեծ չէ. հարցվածների միայն 9 տոկոսը համառորեն չի նկատում սպառողական շուկայում գների աճն ու համոզված է, որ հետագայում ևս դրանք չեն աճելու:
«Լևադա» կենտրոնի մասնագետները նաև նկատում են, որ ռուսաստանցիների մեծամասնությունն այսօր բավական հոռետեսական սպասումներ ունի:
Հարցին՝ համաձա՞յն են պարբերաբար հնչող այն կարծիքին, որ առաջիկայում Ռուսաստանում տնտեսական ճգնաժամ, գների աճ և կենսամակարդակի անկում է արձանագրվելու, հետազոտության մասնակիցների 61 տոկոսը դրական է պատասխանել: Հարցվածների միայն 23 տոկոսի կարծիքով՝ իրադարձությունները զարգանալու են առավել լավատեսական սցենարով:
Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին ուղղակի կապ է տեսնում Ուկրաինայում Մոսկվայի որդեգրած քաղաքականության և երկրում տնտեսական կացության վատթարացման միջև:
Հարցին՝ համաձա՞յն են, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին և աշխարհազորայիններին ցուցաբերած օժանդակությունը տեսանելի ապագայում կարող են հանգեցնել տնտեսական ճգնաժամի և բնակչության կենսամակարդակի անկման, «Լևադա» կենտրոնի հետազոտությանը մասնակցած ռուսաստանցիների 56 տոկոսը դրական է պատասխանել. հուլիսի համեմատ այս մոտեցման կողմնակիցների թիվը աճել է մոտ 10 տոկոսով:
Չնայած առկա հոռետեսական տրամադրություններին՝ ռուսաստանցիների մեծամասնությունը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել իշխանությունների գործողություններին. հարցվածների 73 տոկոսը ասել է, որ այսօր էլ կողմ է արևմտյան ծագման սննդամթերքի ներկրման արգելքին: