Մայրաքաղաքի մանկապարտեզներում մեծ հերթեր են

Your browser doesn’t support HTML5

Երևանի Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ահազանգում է, թե միայն Երևանում մանկապարտեզի իրենց հերթին են սպասում 22 հազար երեխաներ:

Քաղաքապետարանի կրթության վարչության պետի ներկայացրած տվյալների համաձայն, հերթում 7000 երեխա կա:

«Շատ լավ: Թող 7 հազար լինի: Ուրախ եմ, որ պակասել է: Բայց 3 ամիս է ուզում եմ ըստ վարչական շրջանների հերթագրված երեխաների թիվը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բախշյանը:

Դեռ այս տարվա օգոստոսին անահիտ Բախշյանը քաղաքապետին խնդրել էր տվյալներ ներկայացնել մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին, սակայն այդպես էլ ստույգ պատասխան չի ստացել:

Կրթության զարգացման պետական ծրագրովնախատեսված է, որ մինչև 2015 թվականը 5 տարեկանների 90 տոկոսը պետք հաճախեննախադպրոցական ուսումնական հաստատություններ, սակայն Բախշյանի վկայակոչած թվերը փաստում են, որ հազարավոր երեխաներ այդպես էլ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չեն ունենա:

Ծնողներից ոմանք «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ հերթերն իսկապես մեծ են: Գրեթե ամեն մանկապարտեզում իրենց հերթին են սպասում 300-400 երեխաներ:

Ծնողներից մեկը նշեց, որ մի քանի տարի սպասելուց հետո ի վերջո հրաժարվել է երեխային մանկապարտեզ ընդունել տալու մտքից խմբերում երեխաների մեծ թվի պատճառով․ - «Խմբում երեխաները շատ են՝ 35, 36»:

Ըստ Բախշյանի, այս իրավիճակի հիմնական պատճառն այն է, , որ մանկապարտեզների տարածքները Երևանում բավական երկար ժամկետներով ու չնչին գումարով վարձակալությամբ են հանձնվում մասնավոր ընկերությունների՝ բիզնես գործունեություն ծավալելու նպատակով: Այս պահին, ըստ ավագանու անդամի, կա վարձակալությամբ հանձնված 51 մանկապարտեզ:

Անահիտ Բախշյանի հետ այսօր այցելեցինք Երևանի կենտրոնում գտնվող, սակայն արդեն 5 տարի չգործող թիվ 1 մանկապարտեզը, որը գտնվում է Կորյունի փողոցի վրա: Այն պետք է վերանորոգվեր և շահագործման հանձնվեր այս տարի, սակայն գործընթացը ձգձգվում է: Անահիտ Բախշյանը կասկածներ ունի, որ այս մանկապարտեզն այդպես էլ չի ծառայի իր նպատակին, քանի որ գործարարների համար բավական հրապուրիչ վայրում է տեղակայված:

«Եվ այն, որ այսօր դուռը փակ է և գործը կիսատ է, նորից ինձ մտահոգում է, որ, այնուամենայնիվ, այն մեկը, որն ուզում է այս տարածքին տեր կանգնել, ինքը իր մտքում փայփայում է այդ հույսը: Չի՛ լինելու: Այս մանկապարտեզը պիտի վերադառնա երեխաներին», - ասաց Բախշյանը:

Բախշյանի փոխանցմամբ՝ Երևանի 5 վարչական շրջաններում անհատույց 5 տարի ժամկետով մանկապարտեզների տարածքներ են տրամադրվել Երկրապահ կամավորականների միությանը, դրանցից մեկը, որը տեղակայված է Մալաթիա-Սեբաստիա համայնքում,ընդգրկում է շուրջ 800 քմ տարածք: