Հայաստանը և ՆԱՏՕ-ն կարևորում են երկարատև կայունությունը տարածաշրջանի համար

Սեյրան Օհանյանի և Ֆիլիպ Բրիդլովի հանդիպումը, լուսանկարը՝ Հայաստանի ՊՆ-ի

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի օրը Բելգիայում հանդիպել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարը եղել է Մոնս քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն, հանդիպում է ունեցել հրամանատար, ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության ապահովման և խաղաղապահ գործողություններին մասնակցության նպատակով Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների` ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

«Նախարար Օհանյանի հետ իմ քննարկումները կենտրոնացած էին անվտանգության ներկայիս իրավիճակի և տարածաշրջանի համար երկարատև կայունության կարևորության վրա», - ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարության տարածած հաղորդագրության համաձայն, հայտարարել է գեներալ Բրիդլովը՝ շարունակելով․ - «Ես ոգևորված եմ Հարավային Կովկասում տարբեր գործընկերների հետ Դաշինքի գերազանց համագործակցությամբ և հուսով եմ, որ այդ համագործակցությունը հետագա բարելավումների կհանգեցնի անվտանգության ոլորտում»:

«Հայաստանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր է 20 տարի, և նրանց զորքերը նշանակալի նպաստ են ունեցել ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելություններում: ՆԱՏՕ դաշինքը հանձնառու է Հայաստանին շարունակվող պաշտպանական բարեփոխումներում սատարելու գործում, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ նրա զինված ուժերի փոխգործակցելիության և համատեղելիության շարունակական բարելավումները», - շեշտել է Ֆիլիպ Բրիդլովը:

Նույն օրը Սեյրան Օհանյանը Բրյուսելում աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ: Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստան - ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգային մարտահրավերներին առնչվող հարցեր, կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը` հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ նույն հաջողությամբ:

Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի գլխավոր հրամանատարության հաղորդագրությունում նշված է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը համընկել է երկրում ՆԱՏՕ-ի շաբաթի անցկացմանը:

«Հայաստանը ցույց է տվել իր մտադրությունները՝ սերտացնելու գործնական և քաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, սակայն չի ձգտում անդամակցել Դաշինքին», - ասված է հաղորդագրությունում: