Երիտասարդ գործարար. Պետությունը պետք է ընդառաջի սկսնակներին

Your browser doesn’t support HTML5

Երիտասարդ աղջիկն ձեռագործ աշխատանքների խանութ ունի, որտեղ վաճառում է բացառապես սեփական ձեռքի աշխատանքները՝ բարձեր, նկարների շրջանակներ, խաղալիքներ, տարբեր աքսեսուրներ:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ավարտելուց հետո Սոնան աշխատանք չի որոնել, այլ որոշել է բացել սեփական գործը. - «Սկսեցի բիժուից, փոքր դետալներ պատրաստելուց, և հասկացա, որ գործը արժի զարգացնելու ու սկսեցի տեսականին լայնացնել»:

Սոնան աշխատում է հենց խանութում գտնվող արհեստանոցում: Հաջողության գրավականը նա ոչ միայն սեփական գաղափարներն ու դրանց իրագործումն է համարում, այլև սոցիալական ցանցերի առկայությունը, քանի որ հաճախորդների 98 տոկոսը իր աշխատանքներին ծանոթանում է դրանց միջոցով:

Սոնան նշում է, որ մինիմալ ներդրումներ է կատարել` սկսել է ընդամենը 5000 դրամից: Խանութի բացման համար անհրաժեշտ 1500-2000 ԱՄՆ դոլարը նա հայթայթելէ ոչ թե բանկերի, այլ ամուսնու օգնությամբ: Նշում է, որ փոքր բիզնես սկսելու համար աջակցություն կամ այն ընդլայնելու հնարավորություն պետությունն ու բանկերը գրեթե չեն ընձեռում. - «Հետաքրքրվել եմ որոշ բանկերում բիզնես վարկ վերցնելու մասին, բայց դա ձեռնտու չէ. թե’ տոկոսն է շատ, թե’ մինիմալ գումարը»:

22-ամյա գործարարն ասում է, որ իր պես երիտասարդներին, ովքեր ամեն ինչ սկսում են զրոյից, պետությունը պետք է աջակցի, որոշակի հարկային արտոնություններ տրամադրի. - «Այս պահին չեմ կարող աշխատող ունենալ, որովհետև աշխատող ունենալու համար հարկը բավականին մեծ է: Դեռ աջակցություն չկա. եթե սկսել ես, դու հավասար ես քայլում տարիներով աշխատած մարդկանց հետ»: