«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ոչ իշխանական ուժերի եռյակի իր գործընկեր Հայ ազգային կոնգրեսի «դրական մոտեցումները» համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ, այսօր հայտարարել է ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք՝ երեկ Կոնգրեսը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի որոշմանը՝ հանրապետության բոլոր կարևոր բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու մասին, նշել էր, որ դա «ինքնին վատ գաղափար չէ», պայմանով, որ այն զուգորդվի մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ:
Արձագանքելով ՀԱԿ-ի այս հայտարարությանը, Ուրիխանյանը նշել է, որ ԲՀԿ-ն վերահաստատում է երկրում «արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը» ու հավելել՝ «ԲՀԿ-ն, շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում՝ նաև վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին»:
«Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին», - նաև նշել է ԲՀԿ խոսնակը: