Կոնգրեսը կարևորում է Ազատության հրապարակում պայքարը «թեժացնելը»

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը «հույժ անհրաժեշտ է համարում» Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց ավելի թեժացնել Ազատության հրապարակում սկիզբ առած քաղաքական գործընթացը։ Այս մասին, ըստ ilur.am կայքի, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը:

Ոչ իշխանական եռյակի մաս կազմող Կոնգրեսը, անդրադառնալով իր քաղաքական գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նոյեմբերի 6-ի որոշմանը՝ հանրապետության բոլոր կարևոր բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու մասին, նշում է, որ դա «ինքնին վատ գաղափար չէ», պայմանով, որ այն զուգորդվի մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը, ըստ Կոնգրեսի, լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։

«Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար», - մտահոգություն է հայտնել ընդդիմադիր ուժը ու հավելել․ - «Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ ազգային կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց, որևէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»։