Թուրք գեներալը այցելել է հայ - ադրբեջանական շփման գիծ

Ադրբեջանական բանակի զորավարժություններ, արխիվ

Աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող պատվիրակությունը՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, դիվիզիոնի գեներալ Զեքայի Աքսաքալիի գլխավորությամբ, այսօր այցելել է ադրբեջանական բանակի՝ «ճակատամերձ գոտում» տեղակայված զորամասերից մեկը, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Ինչպես APA-ին փոխանցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, թուրք գեներալին են ներկայացվել զորամասի մարտական պատրաստականությունը, սպառազինությունը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաև վերջին շրջանում կատարված աշխատանքը:

«Այնուհետև հյուրերը եղան առաջնագծում՝ թշնամական ուժերի հետ շփման գծում տեղակայված ստորաբաժանումներում», - տեղեկացնում է ադրբեջանական գործակալությունը՝ շարունակելով․ - «Գեներալը մարտական դիրքից դիտարկեց Հայաստանի կողմից օկուպացված տարածքները»:

Աքսաքալին ադրբեջանցի զինվորներին հաջողություններ է մաղթել «հայրենիքի պաշտպանության և օկուպացված տարածքների ազատագրման գործում»՝ հայտարարելով․ - «Ես տեսա, որ ադրբեջանցի զինվորը, նրա նյութատեխնիկական ապահովվածությունը բարձր մակարդակի վրա են: Դա ինձ շատ ուրախացնում է: Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է: Ադրբեջանի և Թուրքիայի զինվորները անհաղթ են: Նրանք դա մեկ անգամ չէ, որ ապացուցել են մարտերում: Ես հուսով եմ և հավատում եմ, որ այդպես կլինի նաև ապագայում»:

Այնուհետև թուրք զինվորականները զորավարժարանում հետևել են ադրբեջանցի զինծառայողների, մասնավորապես դիպուկահարների պատրաստման գործընթացին, Աքսաքալին հետաքրքրվել է İstiqlal դիպուկահար հրացանի տեխնիկական ցուցանիշներով և մարտական հնարավորություններով:

Հյուրերը այցելել են նաև տանկային գումարտակ, դիտարկել զրահատեխնիկան: