«Երբ դուք պատրաստ եղաք, իմացեք, որ մենք եռյակով որոշելու ենք ու արդեն օրը, ժամը, տեղը անենք», - երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե արդյոք խոսքը իշխանափոխության մասին է:
Ծառուկյանն իր ելույթում չխոսեց ո'չ իշխանափոխության և ո'չ էլ առաջիկա հանրահավաքի կազմակերպման ժամկետների մասին: Նա հիմնականում խոսեց Հայաստանով մեկ բացվելիք համաժողովրդական շարժման գրասենյակների մասին` բացատրելով, որ դրանց միջոցով կապ են հաստատելու հասարակության ավելի լայն շերտերի հետ. - «Մարդկանց կարծիքը իմանանք, իրենց մոտեցումը և իրենց պահանջը»:
Ի դեպ նկատենք, որ սովորաբար կիսասպորտային հագուստով հանրության առջև հանդես եկող Ծառուկյանը, երեկ կուսակցության քաղխորհրդի նիստին ներկայացել էր՝ կոստյումով և փողկապով։
Ծառուկյանը իր ելույթում կրկին ընդգծեց մի քանի անգամ արդեն հնչեցված թեզերը, թե Մայդան չեն ուզում, բայց լճացմանն էլ համաձայն չեն: Իշխանափոխության համար պայքարող ԲՀԿ ղեկավարը նաև հայտարարեց, թե չի շտապելու, բայց և պարտություն էլ թույլ չի տալու. - «Քանի որ պատասխանատվությունը իմ վրա է, ես թույլ չեմ տալիս ո'չ պարտություն, ո'չ իմ թիմից որևէ մեկի մատը փուշ մտնի, ո'չ էլ ժողովրդի: Ռիսկի դիմում է այն մարդը, որ ճար չկա` կա'մ այս կողմ է, կա'մ այն կողմ: Բայց հաղթանակը մերն է, ժամանակը մերն է, ապագան մերն է»:
Քաղխորհրդի նիստում ելույթ ունեցան նաև կուսակցության պատգամավորները և քաղխորհրդի անդամները: Այդ ելույթները հիմնականում վերածվում էին Ծառուկյանի գովաբանության:
Մշակույթի նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Թամար Պողոսյանը, մասնավորապես, հայտարարեց. - «Եթե այսօր այս շարժման առանցքային լիդերը հստակ գիտի` ինչ է ուզում, ինչպես է պետք անել, ումով է պետք անել, դա մեզ վրա դնում է այն լուրջ պատասխանատվության զգացումը, որ դուք պատրաստ եք»:
Նշենք, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում միաձայն որոշվեց ստեղծել ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ: Աշխատանքներ պետք է տարվեն նաև արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ՝ նրանց նույնպես համաժողովրդական շարժման մեջ ներգրավելու համար:
Ուշագրավ է, որ որոշում է կայացվել Սփյուռքում նույնպես շարժման գրասենյակներ ստեղծելու մասին: Այս խնդրով պետք է զբաղվի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Կատարված աշխատանքի վերաբերեյալ երկշաբաթյա ժամկետում կուսակցության լիազորված անձինք պետք է հաշվետվություն ներկայացնեն Գագիկ Ծառուկյանին:
Վերջինս, ի դեպ, եզրափակելով քաղխորհդի նիստը հայտարարեց. - «Դուխներդ բարձր, տեղը տեղին ճիշտ, կազմակերպված, առանց ավելորդ բառերի»։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամվոր Լյովա Խաչատրյանը, ով երեկ մասնակացում էր քաղխորհրդի նիստին, այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ստեղծելու և ժողովորդին մոբիլիզացնելու միջոցով ցույց են տալու իշխանություններին, թե իրականում հասարակության քանի տոկոսն է դժգոհ իշխող Հանրապետականից:
Հակառակ դեպքում, իշխանություններն այսօր իրենց հակադարձում են, թե եռյակը, իշխանափախության պահանջով, մի քանի տասնյակ հազարին հավաքում է Ազատության հրապարակում, մինչդեռ երեք միլիոնը տանը նստած է։
«Չճշտե՞նք, որ Հայաստանում երեք միլիոն չկա, չճշտե՞նք, որ էն չեկողները, պարզապես, տրանսպորտի փող չունեին, դրա համար չեն եկել, չճշտե՞նք, որ ընտանիքից մեկը եկել է, մնացածը պարտադիր չէ՝ ամեն օր գան։ Ցույց ենք տալու իշխանությանը եռյակի պահանջների հասցեատիրոջը։ Հետո կերևա ինչ պիտի անենք. ժողովուրդն ուզում ա պայմանագիրը խզել, ուրեմն կընդառաջենք, կառաջնորդենք, որպեսզի խզի պայմանագիրը։ Փաստավավերագրում ենք», - ասաց Լյովա Խաչատրյանը։
Գագիկ Ծառուկյանն ասաց, թե չպետք է շտապել և չպետք է սխալվել։ Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ չի ուզում շտապել, և արդյո՞ք դա նշանակում է, որ՝ չշտապելով կարող է հասնել հերթական խորհրդարանական և նախագահական ընտրությունների, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. - «Շտապելու ենք դանդաղ»։
Նկատենք, «դանդաղ շտապելու» արտահայտությունը հաճախ օգտագործում է իշխող Հանրապետականը՝ հատկապես, երբ խոսքը գնում է արտահերթ ընտրությունների մասին: