Ռուսական ռազմաբազայի ծախսերի կեսը Հայաստանի աղքատիկ բյուջեի ուսերին է

Your browser doesn’t support HTML5

Կառավարությունն այսօրվա նիստում Ազգային անվտանգության ծառայությանը 20 միլիոն 500 հազար դրամ (մոտ 50 հազար դոլար) հատկացնելու որոշում ընդունեց։ Այս գումարը ոչ թե Հայաստանի ազգային անվտանգությանն է ծառայելու, այլ Հայաստանում տեղակայված ռուսական բազային։

Նման հատկացումներ պետական բյուջեից կատարվում են տարեկան չորս անգամ։

«2014 թվականի երկրորդ եռամսյակում հանրապետությունում տեղակայված Ռուսական Դաշնության սահմանապահ զորքերի համար ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների հետ կապված 20 միլիոն 561 հազար դրամ ծախսերը «Հարավակովկասյան երկաթուղ» ՓԲԸ-ին փոխհատուցելու հանգամանքով։ Խնդրում եմ նախագիծը հաստատել»,- ծախսերի հիմնավորումը ներկայացրեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը։

Կառավարությունը հաստատեց այս որոշումը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը զավեշտալի է համարում այն փաստը, որ Հայաստանը հոգում է իր տարածքում գտնվող ռուսական բազայի ծախսերի կեսը, քանի որ այլ երկրներում տեղակայված բազաների համար ռուսներն իրենք են բավականին մեծ գումարներ վճարում։

«Սա երևի թե աշխարհում միակ ռազմաբազան է, որի դիմաց Ռուսաստանը ոչ միայն փող չի վճարում, այլ նաև մենք ենք վճարում։ Ռուսները նույնիսկ Կանտի ռազմաբազայի համար, որը գտնվում է Ղրղըզստանում, ահռելի գումար են վճարում։ Էլ չեմ խոսում Սիրիայի տարածքում գտնվող Տարտուսի ռազմաբազայի, Բելառուս տարածքում գտնվող ռուսական ռազմաբազաների մասին, որոնց դիմաց Ռուսաստանը բավականին մեծ զիջումների է գնում գազի գնի առումով։ Ադրբեջանում ուներ ռազմաբազա՝ Գաբալայում և չցանկանալով ավելին վճարել՝ դուրս բերեց։ Ոչ մի տեղ ոչ ոք ռուսներին անվճար ռազմաբազա չի տրամադրում։ Իսկ մենք ոչ միայն անվճար ենք տրամադրում, այլև ծախսերի կեսն ենք հոգում»,- ասաց քաղաքագետը։

Համբարյանը առավել զավեշտալի է համարում նաև ռուսական կապիտալով աշխատող ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» մատուցած ծառայության դիմաց կառավարության կողմից տրամադրվող դրամական փոխհատուցումը։

«Ռուսական ռազմաբազայի ծախսերը մենք տրամադրում ենք նույն Ռուսաստանի կողմից վերահսկվող ընկերությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ-ռուսական միջպետական, իր բնորոշմամբ, անարդար պայմանագիրը վերանայման կարիք ունի։

Միայն Գյումրիում ռուսական ռազմաբազային անհատույց շուրջ 50 հեկտար տարածք հատկացված՝ 46 տարի ժամկետով։ Այնինչ դրանց վարձակալության դիմաց Գյումրիի աղքատիկ բյուջե բավականին մեծ գումար կարող էր մուտքագրվել։