Բնապահպանները քաղաքի կանաչապատման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում

Armenia -- Yerevan's tiled sidewalks, Yerevan, 11 July 2013.

Ըստ փորձագետների, թեև քաղաքապետարաանը մեծ գումարներ է հատկացնում կանաչապատման համար, սակայն այդ տարածքները ոչ թե ավելանում, այլ նվազում են։

Երևանի կանաչապատ տարածքները տարեցտարի նվազում են, թեև քաղաքապետարանն իր բյուջեից հսկայական գումարներ է հատկացնում այդ տարածքները վերականգնելու համար:

Այս տարի, օրինակ, քաղաքապետարանը, ըստ բնապահպան Ինգա Զարաֆյանի, հատկացրել է մոտ 11 միլիարդ 500 միլոն դրամ: Զարաֆյանն ասում է, որ քաղաքապետարանը նախընտրում է էկզոտիկ երկրներից թուփ ու ծաղիկ ներկրել ու կանաչապատ տարածքներն ավելացնելու փոխարեն, դեկորատիվ միջոցներով գեղեցկացնել քաղաքի որոշ հատվածներ: Նրա խոսքով, միջոցների աննպատակային օգտագործման մասին են վկայում, օրինակ, Մաշտոցի պուրակում տնկված թանկարժեք ծառերը:

«Երևանում անցյալ տարի ներմուծվել է Իրանից մեծ քանակով տույաներ՝ հենց քաղաքապետարանի պատվերով, և նրանք չկարողացան մեր ձմռանը [դիմանալ], ոչնչացվեցին, այսինքն՝ մենք կորուստներ ունեցանք։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ դու պետք է թանկարժեք ծառատեսակներ կամ թփի տեսակներ ներմուծես դրսից, երբ դու ստեղ ունես շատ լավ և նորմալ և մեր պայմանների համապատասխան, օրինակ՝ գիհիներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զարաֆյանը։

Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Լենա Նազարյանի, պատահական չէ, որ քաղաքապետարանը նախընտրում է ոչ թե մարզերից տնկիներ գնել, ինչը քաղաքի համար շատ ավելի արդյունավետ կլիներ, իսկ բյուջեյի համար՝ մատչելի, այլ, պարզապես, դրսից ներմուծել տարբեր թփեր և սերմեր:

«Սովորաբար, այն ընկերությունները, որոնք ստանում են պետական պատվերներ, դրանք պատահական ընկերություններ չեն։ Սովորաբար քաղաքապետարանի աշխատակիցները կամ քաղաքապետարանում պաշտոն զբաղեցնող աշխատակիցների բարեկամներն են այդ ընկերության հիմնադիրները, և նրանք են ներմուծում և ստանում պետական պատվեր», - ասաց Նազարյանը։

Հակակոռուպցիոն կենտրոնը հնարավորություն է ունեցել ուսումնասիրել միայն քաղաքապետարանի ներկայացած 2003-2007 թվականների տվյալները, քանի որ դրանից հետո կանաչապատ տարածքների հաշվառում չի իրականացվել: Այս տվյալները ակնհայտ փաստում են, որ կանաչապատ տարածները էականորեն նվազել են. եթե, օրինակ, 2003 թվականին կանաչապատ է եղել քաղաքի 1200 հեկտար տարածք ընդգրկող այգիների 73 տոկոսը, ապա 2007 թվականին այդ թիվը կտրուկ նվազել է՝ հասնելով 29 տոկոսի:

«Այս ցուցանիշը 2007 թվականից մինչև այսօր է'լ ավելի է նվազել», - պնդում է փորձագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյանը՝ ընդգծելով, որ քաղաքն այժմ փոշու մեջ է քաղաքապետարանի «ծաղկային քաղաքականության» պատճառով:

«Մի մարդու համար անհրաժեշտ է քաղաքում, որտեղ կա տրանսպորտ, արդյունաբերություն և այլն, առնվազն 16 քառակուսի մետր ընդհանուր օգտագործման կանաչ տարածք։ Եթե բնակչությունը ընդունենք 1 միլիոն 60 հազար, ապահովվում է 4.9 մետր քառակուսի՝ մեկ մարդու հաշվով, իսկ եթե գնանք դեպի վերջի թիվը, քառակուսի մետրը մեկ մարդու հաշվով, բնականաբար կիջնի՝ կմոտենա 3.3, 3.4 մետր քառակուսի», - ասաց Սայադյանը։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ այս տարի տնկվել է արդեն 40 հազար ծառ, իսկ երկու օրից այդ թիվը կավելանա ևս 20 հազարով:

2014 թվականի ընթացքում Երևանում նախատեսված է եղել տնկել 2 միլիոն 100 հազար ծաղիկ:

Բնապահպան Ինգա Զարաֆյանը համոզված է, որ այս ծաղիկներով և դեկորատիվ թփերով քաղաքը զարդարելը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, քանի որ հնարավոր չէ հաշվել, թե իրականում տարվա ընթացքում որքան տնկվեց, ինչ հաճախականությամբ և այլն: