Կառավարությունից դեպի Բաղրամյան 26. որդեկորույս ծնողները բացահայտում են պահանջում

Your browser doesn’t support HTML5

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները մտադիր են անժամկետ նստացույց սկսել` պահանջելով, որ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ ընդունի իրենց:

Այլևս հույս չկապելով Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ՝ խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների ծնողները գործադիրի առջև անցկացվող ամենշաբաթյա ցույցերն այսօրվանից տեղափոխել են Բաղրամյան 26:

Կեսօրից նախագահականի առջև հավաքված որդեկորույս մայրերը հայտարարեցին, թե առաջիկայում մտադիր են անժամկետ նստացույց սկսել այստեղ՝ պահանջելով, որ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ ընդունի իրենց:

Մոտ հինգ տարի առաջ բանակում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը պատմեց, որ ամռանը Հովիկ Աբրահամյանն ընդունելով իրենց խոստացել է հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ։

«Երբ Հովիկ Աբրահամյանին ցույց տվեցինք մեր երեխաների նկարները և հակասությունները քրեական գործի, ինքը զարմացավ և ասաց՝ «էսքան հակասություն կա, էսքան պարզ գործ ա, ու չի բացահայտվե՞լ, մեղավորներին չեն պատժե՞լ»։ Ասացինք՝ ո՛չ, ասաց, որ միայն գլխավոր հրամանատարը կարող է այս հարցերին պատասխան տալ։ Մենք դիմումներ իրեն ներկայացրեցինք, ինքը էդ դիմումները մեզ հետ տվեց էն բանով, որ ես հաստատ կմիջնորդեմ, հաստատ ձեզ կընդունի նախագահը, այ սենց կնստեք, նախագահին կտաք ձեր դիմումները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նանա Մուրադյանը։

2007 թվականին ծառայության ժամանակ մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն էլ հիշեցրեց, որ այդ հանդիպումից հետո վարչապետի աշխատակազմից իրենց փոխանցել են, թե ծնողների տվյալները արդեն նախագահի գրասենյակում են և շուտով նրանք հրավիրվելու են հանդիպման։

«Գերագույն գլխավոր հրամանատարը թող մեզ պատասխան տա, թե ինչո՞ւ մեր երեխաների քրեական գործերը չեն բացահայտվում, ինչո՞ւ մարդասպանները չեն պատժվում։ Վերջապես 19 տարեկան տղայիս դրել եմ հողն, ու այսօր չունի մահվան պատճառ։ Գոնե մեկին պատասխանատվության ենթարկեք, մեկին մի հատ նկատողություն տվեք, որ իմ սիրտն էլ մի փոքր հանգստանա։ Դա էլ չեն արել։ Ինչո՞ւ են այսօր զորքը բերել իմ հետևը կանգնեցրել՝ «մի կպեք դարպասներին»... ինչո՞ւ», - ասաց Սարգսյանը։

Իրավապահներն այսօր թեև թույլ էին տվել ծնողներին հենց նախագահականի մայթին անցկացնել բողոքի ցույցը, սակայն ոստիկանական պատը արգելում էր որդեկորույս մայրերին մոտենալ Բաղրամյան 26-ի դարպասներին:

Մեկ տարի է արդարադատության հետքերով փողոց են դուրս եկել նաև Ղարաբաղում սպանված 20-ամյա Արման Մուրադյանի ծնողները։ Կրակոցից մահացած երիտասարդի տուն վերադարձին ընդամենը 4 ամիս էր մնացել։ Նախաքննության տվյալներով՝ նա ինքնասպան է եղել: Արմանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, պահանջում է դատավարությունը Ղարաբաղից տեղափոխել Հայաստան։

«Նախաքննական մարմինը ոչ թե նախաքննություն է կատարել, այլ կատարել է հանցագործություն. գիշերը որդուս սպանել են, առավոտյան փոխել են զորամասի հրամանատարին։ Եվ առ այսօր չունենալով ոչ մի հիմնավոր ապացույց՝ զենքի վրա չկա մատնահետքեր, չկա վկաների ցուցմունքը, ինչպես իրենք են ասում՝ «Արմանն ինքնասպան է եղել». 20 ամիս ծառայած սերժանտը չէր կարող ինքնասպան լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուրադյանի հայրը։

Տարիներ շարունակ գրեթե ամեն հինգշաբթի Կառավարության առջև հավաքվող ծնողները պնդում են, որ իրենց զավակներին գազանաբար սպանել են, բայց հանցագործությունները որակվել են ինքնասպանություն, ծառայողական անփութություն և այլն՝ այդպես էլ պատասխանատվության չենթարկելով մեղավորներին: Կամ էլ՝ շարքային զինվորականները դարձել են քավության նոխազ, հրամանատարների պաշտոնները՝ բարձրացել:

Որդեկորույս մայրերը հիշում են՝ երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը մոտեցավ նախագահականի դարպասին, խոստացավ նոր թափ հաղորդել քննությանը, ասել էր, թե ամենաշատն ինքն է շահագրգռված, որ մեղավորները պատժվեն։

«Ինչո՞ւ է վախենում մեր ծնողներից, ինչո՞ւ չի ուզում ընդունել, եթե ինքը թաքցնելու բան չունի։ Պարզ գիտի ովքեր են սպանել մեր երեխաներին, իրա թևի տակի գեներալներն են սպանել, ովքեր պահում են իրա աթոռը, և դրա համար էլ չի ուզում, որ մեղավորներին պատասխանատվության ենթարկեն, դրա համար էլ մեզ պատասխանելու բան չունի», - ասաց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ ասաց. - «Բանակի համար կամ լավը պետք է ասվի, կամ վատ բաներ չպետք է ասվի. մեզ ասում են` մի՛ քաղաքականացրեք, բայց դա արդեն քաղաքական է դառնում»։