Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Շարմազանովն անդրադարձել է հայ - ռուսական դաշնակցային համագործակցության հետագա զարգացման և խորացման անհրաժեշտությանը, Նարիշկինը, իր հերթին, բարձր է գնահատել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ներկա մակարդակը:
Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման գործընթացին առնչվող հարցեր: Ազգային ժողովի փոխնախագահը հույս է հայտնել, որ մինչև դեկտեմբերի 23-ը Մոսկվայում անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը փաստաթուղթը կվավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Պետդումայի նախագահը հնարավոր սեղմ ժամկետում պայմանագրի վավերացման պատրաստակամություն է հայտնել:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և անթույլատրելի է համարել հակամարտությունների ռազմական լուծման ցանկացած փորձ:
Ազգային ժողովի փոխնախագահը, նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դերն ու նշանակությունը, իր մտահոգությունն է հայտնել, որ որոշ գործընկերներ երբեմն չեն պաշտպանում ՀԱՊԿ-ի իրենց դաշնակիցների դիրքորոշումը: Երկուստեք կարևորվել է գործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում:
Էդուարդ Շարմազանովը նաև նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը և Պետդուման կաջակցեն միջոցառումների անցկացման հարցում: