ԱՄՀ․ «2014-15-ին ՀՆԱ-ի աճը Հայաստանում չի գերազանցի 3․5 տոկոսը»

ԱՄՀ-ի լոգոն Վաշինգտոնում հիմնադրամի կենտրոնակայանում

Ըստ զեկույցի՝ Հայաստանի վրա ներազդող հիմնական գործոնը կարող է դառնալ Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների և ուղղակի ներդրումների ծավալի նվազումը:

2014-2015 թվականներին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական սեկտորի աճի տեմպերը Հայաստանում չեն գերազանցի 3.5 տոկոսը: Սա են վկայում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)` Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում տիրող տնտեսական կացությանը նվիրված զեկույցի տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա վերջնական արդյունքներով Հայաստանում ՀՆԱ-ի աճի ցուցանիշը կկազմի 3.2, իսկ 2015 թվականին` 3.5 տոկոս:

Հարևան Վրաստանում այս ցուցանիշը առաջիկա մեկուկես տարիներին կազմելու է մինչև 5, իսկ Ադրբեջանում` շուրջ 4․5 տոկոս:

«Կանխատեսումների վրա ազդող հիմնական գործոններից մեկը այն աշխարհքաղաքական ռիսկերն են, որ առկա են ռուս - ուկրաինական հարաբերությունների շուրջ», - նշում են զեկույցի հեղինակները` հավելելով․ - «Ռուսաստանում տնտեսական աճի հետագա դանդաղումն ու ստեղծված կացության հետագա խորացումը ի վերջո կարող է բացասական ազդեցություն թողնել տարածաշրջանի պետությունների տնտեսությունների վրա»:

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ Հայաստանի վրա ներազդող հիմնական գործոնը կարող է դառնալ Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների և ուղղակի ներդրումների ծավալի նվազումը:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների կարծիքով, սակայն, Ռուսաստանում ստեղծված ոչ բարենպաստ կացությունը միակ գործոնը չի լինի, որ կազդի հայաստանյան տնտեսության աճի տեմպերի վրա:

«Ներքին ասպարեզում առկա ռիսկերից հարկավոր է նշել հատկապես այն հապաղումն ու խուսանավումները, որ առկա են աճի տեմպերին նպաստող համակարգային բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին», - ասված է զեկույցում:

Զեկույցի հեղինակների համոզմամբ, ի դեպ, այս խնդիրը Հայաստանից բացի առկա է նաև Ադրբեջանում, Ղազախստանում և Ուզբեկստանում:

Հայաստանի պարագայում, ԱՄՀ-ի մասնագետների համոզմամբ, կան նաև որոշ գործոններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի մեղմել ընդհանուր բացասական միտումները:

«Եվրոբոնդերի թողարկումը, ինչպես նաև անցած տարի Ռուսաստանի հետ կնքված գազային համաձայնագրերը կարող են նվազեցնել կառավարության վրա ֆինանսական ճնշման, ինչպես նաև էներգակիրների վրա ծախսերի հնարավոր աճի վտանգը», - նշում են հիմնադրամի մասնագետները:

Խոսելով Հայաստանի և Ղրղըզստանի` Եվրասիական տնտեսական միությանն առաջիկա անդամակցության մասին, Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները չեն բացառում, որ այն կարող է որոշակի դրական ազդեցություն թողնել:

«Խոսքը նախևառաջ դեպի տարածաշրջանային մեծ շուկա մուտքի հնարավորության, ինչպես նաև Ռուսաստանի կողմից որոշ հավելյալ ծրագրերի հնարավոր ֆինանսավորման մասին է: Դրա հետ մեկտեղ, հավելյալ բանակցություններ կպահանջվեն, որպեսզի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը հակասության մեջ չմտնի այդ պետության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների հետ», - նշում են զեկույցի հեղինակները: