Բրյուսելը Հայաստանին աջակցելու նոր ծրագիր է սկսում

Եվրամիության հանձնակատար Յոհանես Հան, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան

Խոստանալով 140-170 միլիոն եվրո տրամադրել` Բրյուսելը կրկին ընդգծում է, որ այս գումարը նախնական է և կախված կլինի Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներից ու առկա կարիքներից:

Առաջիկա երեք տարիների ընթացքում Եվրամիությունը Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար: Այդ մասին փաստաթուղթը երկուշաբթի Բրյուսելում ստորագրել են Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը հանդիպելով հայաստանյան պատվիրակությանը` Հանն ընդգծել է, որ Բրյուսելը հաստատակամ է «աջակցել Հայաստանի արդիականացմանն ուղղված ջանքերին և կշարունակի քաջալերել անհրաժեշտ բարեփոխումները»:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայտարարվել է եռամյա ծրագրի առաջին փուլի մեկնարկը, որով Հայաստանը Եվրամիությունից 7 միլիոն եվրո կստանա` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու, և 12 միլիոն եվրո` մարդու իրավունքները պաշտպանելու համար:

«Փոքր ու միջին գործարարներին տրվող աջակցությունը երկարաժամկետ կտրվածքով կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, մասնավոր հատվածի զարգացմանը, կավելացնի Հայաստանի տնտեսական մրցունակությունը: Մարդու իրավունքների ոլորտում իրականացվող նոր ծրագիրն էլ կօգնի բարելավել օրենսդրությունը` ազատ ընտրությունների, կտտանքների կանխարգելման, խտրականության դեմ պայքարի և երեխաների պաշտպանության ոլորտներում», - հայտարարել է պաշտոնական Բրյուսելը:

Խոստանալով շարունակել աջակցությունը բարեփոխումներին` Եվրամիությունը միաժամանակ ընդգծում է, որ տրամադրվելիք օժանդակության չափը նախնական է. վերջնական գումարը, որ կստանա Հայաստանը, կախված կլինի երկրի կարիքներից ու բարեփոխումներ կատարելու` կառավարության հանձնառությունից:

Այս համաձայնություններից բացի, ԵՄ հանձնակատարն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նաև փաստաթուղթ են ստորագրել, որով Բրյուսելը հավելյալ 25 միլիոն եվրո կտրամադրի` Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար:

«Ես ողջունում եմ այս համաձայնագրերի ստորագրումը, հուսով եմ, որ առաջիկայում նորերը կլինեն, և, անշուշտ, շատ սերտ համագործակցություն` Հայաստանի և Եվրամիության միջև» - հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բրյուսելին` Հայաստանի դիրքորոշումը հասկանալու համար, ընդգծելով, որ Երևանը ուզում է շարունակել համագործակցությունը առևտրի և ներդրումների ոլորտում` իրականացնելով բարեփոխումներ տնտեսության բոլոր ճյուղերում: «Մենք ուզում ենք առավել գրավիչ դարձնել մեր ներդրումային դաշտը եվրոպացի գործընկերների համար», - վստահեցրել է Ճշմարիտյանը` ԵՄ-ի հետ համաձայնագրերի ստորագրումից հետո, որոնք ամենախոստումնալիցն են Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո:

Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարից հետաքրքրվել է` հնարավո՞ր է, որ, այդուամենայնիվ, Հայաստանը ստորագրի Եվրամիության Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը` առանց ազատ առևտրի գոտու մասին դրույթների:

«Վաղը (երեքշաբթի) Բրյուսելում այս հարցով առաջին քննարկումն է լինելու, հանդիպում, որտեղ թե՛ հայկական կողմը, թե՛ Եվրամիությունը կնստեն մեկ սեղանի շուրջ և կհստակեցնեն` ինչ է ենթադրում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը և որոնք են ԵՄ - Հայաստան համագործակցության հետագա ոլորտները», - ասել է հանձնակատար Յոհանես Հանը: