Թափառող կենդանիների դեմ պայքարին հատկացված գումարները «նպատակին չեն ծառայում»

«Փրկենք կենդանիներին» կազմակերպության ներկայացուցիչների պնդմամբ` Երևանում թափառող շներին ոչ թե ստերիլիզացնում են, այլ ամենադաժան մեթոդներով ոչնչացնում:

«Փրկենք կենդանիներին» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանի խոսքով՝ իրենք պարբերաբար այցելում են թափառող կենդանիների վնասազերծմամբ և ստերիլիզացմամբ զբաղվող ընկերության՝ «Յունիգրաֆ Իքս»-ի կացարաններ, որտեղ տեսածը պարզապես սարսափեցնում է կենդանասերներին:

Նշենք, որ վերջին տարիներին թափառող կենդանիների վնասազերծումն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթում է հենց այս ընկերությունը:

Մեհրաբյանը պնդում է, որ մրցույթի պահանջներին հակառակ` «Յունիգրաֆ Իքս»-ը զանգվածային սպանդ է կազմակերպում:

«Ոչնչացնում են լիդոկայինի ամպուլայով, որով անհնար է կենդանի քնացնելը, փաստորեն, կիսամեռ կենդանիներին հետո այրում են», - նշեց Մեհրաբյանը:

Նա ասում է, որ քաղաքապետարանը տարեկան 200-220 միլիոն դրամ է տրամադրում քաղաքի շներին ստերիլիզացնելու համար, սակայն այդ գումարները «գնում են պաշտոնյաների գրպանները», քանի որ շատ հաճախ «Յունիգրաֆ Իքս»-ի որսորդները նույնիսկ փամփուշտներ են ափսոսում և պարզապես մահակներով են սպանում թափառող շներին․ - «Թող այդ գումարները դուրս հանեն, թող դնեն իրենց գրպանները, բայց այս վայրագությանը վերջ տան»:

«Յունիգրաֆ Իքս»-ի լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը, մինչդեռ, հակադարձում է, որ իրենց կազմակերպության կացարանը, որը նախատեսված է 250-300 շների համար, բավական լավ պայմաններ ունի, իսկ քաղաքապետարանի կողմից այս տարի տրամադրաված 200 միլիոն դրամը ծառայում է նպատակին:

«Գլխավոր կանոնները թելադրում է Երևանի քաղաքապետարանը՝ ինչպես աշխատել թափառող կենդանիների դեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

«Փրկենք կենդանիներին» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանն ասում է, որ վերջին տարիներին երկու անգամ մասնակցել են թափառող շների ստերիլիզացման համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, սակայն երկու անգամն էլ, ունենալով կացարան, վիրահատարաններ և համապատասխան մասնագետներ, չեն շահել: Մեհրաբյանի խոսքով՝ պատճառն այն է, որ «այդ տենդերները այն մարդիկ են շահում, որոնք փոխադարձ կնքում են ինչ-որ պայմանագիր, որ այսքան գումարով այս բանը կանես»:

«Փրո Փոուզ» բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը ևս կարծում է, որ պետական բյուջեից տրամադրվող մեծ գումարները պարզապես իրենց նպատակին չեն ծառայում, քանի որ այսօր էլ քաղաքում կարելի է հանդիպել հազարավոր ոչ ստերիլիզացված թափառող շների:

«Այս 7 տարիները ընթացքում այն, ինչ կատարվում է բյուջեով հատկացված գումարներով․․․ Չկա որևէ հայեցակարգ, չկա հետազոտություն, չկա քանակական հաշվառում և չկա քարտեզագրում, թե որտեղ, ինչ, ինչքան է պետք անել, որպեսզի խնդիրը լուծեն, իսկ եթե չկա որևէ ռազմավարություն, հասկանալի է, որ խնդրի հետագա լուծումը բացարձակ անիմաստ է», - շեշտեց Արամյանը: