Հայաստանի նման հարուստ բնական պաշարներ չունեցող, սակայն մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանին մոտ տասն անգամ գերազանցող Իսրայելից ժամանած փորձագետը վստահ է՝ Հայաստանի կառավարությունն էլ կարող է այդպիսի հաջողություններ գրանցել, եթե լուրջ ուշադրություն դարձնի ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։
«Հայաստանը երկու հիմնական խնդիր պետք է լուծի։ Նախ՝ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն, որպեսզի երիտասարդները չարտագաղթեն, հետո արդեն հնարավորություններ, որ արտերկրում աշխատող տաղանդավոր հայ մասնագետների մոտ հայրենիք վերադառնալու ցանկություն առաջանա »,- ասում է Իսրայելում 20 տարի առաջ հիմնադրված և այժմ աշխարհում առաջատարներից մեկը համարվող «Յոզմա գրուպ» վենչուրային հիմնադրամի հիմնադիր Յիգալ Էրլիխը։
1993 թվականին ձևավորված, այժմ աշխարհում մեծ հեղինակություն վայելող «Յոզմա գրուպը» համարվում է Իսրայելի խոշորագույն վենչուրային արդյունաբերողը։
Իսրայելի փորձից ելնելով՝ Էրլիխը նշում է՝ կառավարությունը պետք է գիտակցի, որ միայն արտագաղթը կանխելու դեպքում Հայաստանը կարող է հեռանկարներ ունենալ ու մրցակցել այլ երկրների խոշոր ՏՏ ընկերությունների հետ։
«Դուք ունեք տաղանդավոր մասնագետներ, դուք կարող եք հիմնել ընկերություններ, մրցակցել այլ երկրների ընկերությունների հետ։ Այդ իսկ պատճառով կառավարությունը պետք է նպաստի դրան, հակառակ դեպքում Հայաստանը չի կարող մրցունակ լինել»,- ասում է փորձագետը։
Ամեն տարի Իսրայելի կառավարությունը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ֆինանսավորում է մոտ 500 ծրագիր։ «1992 թվականից հետո Իսրայելում ստեղծվեցին բազմաթիվ ՏՏ ընկերություններ, համապատասխանաբար նաև աշխատատեղեր՝ այդպիսով նպաստելով հայրենադարձությանը»,- ասում է Յիգալ Էրլիխն ու հավելում.- «Մեր ազգերը նման են՝ հրեաներն ու հայերն ունեն նույն գենետիկ կոդը, տաղանդավոր ենք, ի՞նչն է խանգարում Հայաստանին ևս այս ոլորտում մեզ նման արդյունքների հասնել»։
Համեմատական անցկացնելով Հայաստանի ու Իսրայելի միջև՝ Էրլիխը շեշտեց.- «Հայաստանը պետք է մեզ նման ռիսկի գնա, նույնիսկ եթե առաջին փորձն ավարտվի ձախողումով»։
Ըստ Էրլիխի՝ արդեն 2018 թվականին Հայաստանը կարող է դասվել աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում, եթե այսօրվանից Հայաստանի կառավարությունը իր օրակարգում ներառի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու հետագա գործողությունները։
«Կառավարությունը պետք է իր առջև հստակ նպատակներ դնի ու սկսի իրագործել դրանք։ Օրինակ, մոտակա տասը տարիների ընթացքում բնակչության թիվը հասցնի 5 միլիոնի, հակառակ դեպքում կձախողի այս ոլորտը»,- ասաց փորձագետը։