ԱՄՆ-ում հանրապետականները և դեմոկրատները փորձում են գրավել կանանց քվեները

Նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում տեղի կունենան միջանկյալ ընտրություններ։

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիները խորապես դժգոհ են իրենց կառավարությունից և մտահոգ են արտաքին սպառնալիքների պատճառով։ Թե՛ հանրապետականները և թե՛ դեմոկրատները փորձում են գրավել կանանց քվեները։

Փորձագետների համաձայն, եթե կանայք կենտրոնանան ազգային անվտանգության հարցերի վրա, ապա այն կարող է վնասել դեմոկրատներին։ Ենթադրվում է, որ այս ընտրություններում կանանց դերը որոշիչ կլինի։

Միացյալ Նահանգներում կին ընտրողներին խորապես հուզում են երկրի տնտեսությանը և ազգային անվտանգությանը վերաբերող հարցերը։

Թե՛ դեմոկրատները և թե՛ հանրապետականները գիտակցում են, որ նոյեմբերի 4-ին, միջանկյալ ընտրություններում կանանց քվեները հավանաբար կորոշեն, թե ընտրություններից հետո ո՛ր կուսակցությունը կվերահսկի Միացյալ Նահանգների Սենատը։

Նենսի Կապիելոն հայտարարել է, թե չի ծրագրում մասնակցել քվեարկություններին։

«Ես ավելի շատ մտահոգված եմ իմ հարազատ ընտանիքի մասին և, դժբախտաբար, մյուս բոլոր հարցերը անտեսվում են, որովհետև ոչ ոք ոչինչ չի անում մեզ պաշտպանելու համար»,- ասում է Ալաբամայի բնակչուհին։

«Ներկա վիճակն ինձ մտահոգում է, սակայն վստահ եմ, որ մեր կառավարությունը ամեն ինչ անում է և կացությունը վերահսկում է»,- ասում է Հավա Քուլիբալին՝ Վիրջինիա նահանգից։

«Մարդկանց տնտեսական վիճակը փոքր ինչ բարելավվել է, սակայն տնտեսական անհանգստություններին այժմ փոխարինում է «Իսլամական պետություն» կազմակերպության ջիհադիստների գործունեության, էբոլայի տարածման կամ դպրոցներում տեղի ունեցող հարձակումների դեմ պայքարելու կառավարության անկարողության մասին մտահոգությունը»,- ասում է «Փրփըլ Ստրատեջիզ» հետազոտական կազմակերպության փորձագետ Մարջի Օներոն։

«Արդեն 114 ամիս է, ինչ շատ ամերիկացիներ հավատում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։ Սա հոռետեսության ամենաերկար տևած շրջանն է վերջին 30 տարվա մեջ»,- ասում է Նիլ Նյուհաուզը՝ «Հանրային կարծիքի ռազմավարություն» կազմակերությունից։

Նրա կարծիքով, Միացյալ Նահանգներում տասնամյակներ շարունակ գենդերային բաց է եղել քաղաքականության ոլորտում։

«Կանայք հակված են պաշտպանելու դեմոկրատներին, իսկ տղամարդիկ՝ հանրապետականներին»,- ասում է Նիլը։

Ոմանց կարծիքով էլ, տարակարծություններ կան նույնիսկ կանանց շարքերում։

«Ամուսնացած կանայք առավել հակված են քվեարկելու հանրապետական թեկնածուների օգտին, իսկ չամուսնացածները՝ դեմոկրատների օգտին»,- ասում է Իզաբել Սավհիլը Բրուքինգզի հաստատությունից։

Սակայն թե՛ Նենսին, և թե՛ Հավան պնդում են, որ ամերիկացի կին ընտրողների մեծամասնությունը ցանկանում է, որ Կոնգրեսն ու նախագահը համագործակցեն առկա մտահոգությունները լուծելու համար։