ՀՀԿ-ն հորդորում է Ծառուկյանին «բռնի ուժով փայ մտնելու» ստույգ օրինակներ բերել

Your browser doesn’t support HTML5

Իշխող Հանրապետականը հորդորում է մեկ բիզնեսի օրինակ բերել, որտեղ, ինչպես Գագիկ Ծառուկյանն էր նշել, բռնի ուժով փայ են մտել:

Երեկ zham.am-ին տված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարն ասել էր, թե Հայաստանում պետք է մեկընդմիշտ վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը:

«Ոչ ոք Հայաստանում այլևս չպետք է կարողանա օգտագործելով իր դիրքը փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում»,- ասել է Ծառուկյանը:

Մինչդեռ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձում է՝ իրենք նման երևույթ չեն տեսել, տեսնողներին էլ հորդորում են կոնկրետ օրինակներ բերել:

«Մի ժամանակ ես էլ էի հետևում մամուլին, հայհոյում էի, թե էս ինչ է կատարվում, հետո ուսումնասիրում էի, գտնում էի, որ նման բան չկա։ Դուք բերեք մի օրինակ, որ խլել են կամ տարել են, մենք սկսենք քննադատել կամ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում։ Ես չգիտեմ նման երևույթ»,- ասաց նա։

Բաղդասարյանը բերում է իր օրինակը, թե ինչպես էին գրել այն մասին, որ իբրև թե Հանրապետականի համամասնական ցուցակում ընդգրկելու համար ձեռքից վերցրել են Վանաձորում իր ընտանիքին պատկանող շենքը։

«Մեկը անձամբ իմ մասին էին գրել։ Այլ խնդիր է, երբ մարդը ցանկանում է մեծ գործարքի մեջ մտնել, իրեն ինչ-որ բան չի բավարարում՝ կամ ֆինանսական, կամ մարդկային ռեսուրսը չի բավարարում, մարդիկ հաճախ գնում են, /նման դեպքեր բազմիցս եղել իմ շրջապատում/, առաջարկում են՝ սա մենակ մարդու հնարավորությունների, աբյոմի սահմաններում չէ, ես խնդրում եմ միացեք։ Եվ մամուլում արդեն կարող են մեկնաբանել, որ զոռով մտել են, բայց մարդիկ կարող է գնացել, առաջարկել են, որպեսզի մտնեն, որ կարողանան բիզնեսը զարգացնել»,- ասաց Բաղդասարյանը։

«Ազատության» դիտարկմանը, որ մամուլը ամենահաճախը այսպիսի դեպքերում շրջանառում է նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր անունը, Հանրապետական խմբակցության ղեկավարը արձագանքեց.- «Էդ առաջին դեպքը, որ ասում էի, հենց նախագահի եղբոր անունն էին շրջանառում, որ ինձնից վերցրել են, որ ես... և այլն։ Ասում եմ՝ դրանք ապատեղեկատվություններ են, և պարզապես, որպեսզի կարողանան ինչ-որ ձևով նախագահի, նրա հեղինակության հետ խաղալ և այլն, բնականաբար, նրա ընտանիքի անդամներին են թիրախ վերցնում։ Ես զարմանում են, որ ճանաչված քաղաքական գործիչները իրենց թույլ են տալիս նման անդրադարձներ կատարել։ Այդ նույն բանը կարող ենք նույն հաջողությամբ ասել այն բոլոր մեծահարուստների մասին, որոնք այս երկրում հարստացել են, ասենք՝ սրանից են վերցրել, նրանից են վերցրել։ Ես չգիտեմ... [Ծառուկյանը վերցրել է, թե՝ չէ], եթե հանկարծ իմանամ, որ նման բան կա, իրեն ուղղակի կասեմ։ Ես չգիտեմ, որ այդ մարդը նման բաներով զբաղվում է ընդհանրապես»։

Իշխանության ներկայացուցչի կողմից այս կամ այն բիզնեսում «փայ մտնելու» ավանդույթը արմատախիլ անելուց բացի Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում խոսում է նաև տնտեսական մենաշնորհների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։

«Հայաստանում մենաշնորհներ չպե՛տք է լինեն: Եվ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միևնույն է, բոլոր ապրաքատեսակները պետք է կարողանան ներկրել թե 10, թե 20 հոգի` այնքան, որքան շուկան թույլ կտա»,- ասել է ԲՀԿ-ի առաջնորդը՝ ըստ էության հակադարձելով Սերժ Սարգսյանին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը անդրադարձել էր շաքարի ներկրման մենաշնորին և ասել.- «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»:

Հանրապետական խմբակցության ղեկավարը ասում է՝ ընդհանուր առմամբ բիզնեսի դասական օրինակներից է, երբ շատ փոքր երկրներում որոշ ապրանքատեսակներ 1-2 հոգի է ներկրում։ Միևնույն ժամանակ Վահրամ Բաղդասարյանը կողմնակից է մենաշնորհի դեմ պայքարին՝ ընդգծելով, որ գյուղատնտեսության ոլորտում մեծ հաջողությունների հասած Գագիկ Ծառուկյանը ցանկության դեպքում կարող է նաև շաքարավազի շուկայում հաջողություններ արձանագրել։

«Այդ երևույթը կա, այդ երևույթի դեմ պայքարում ենք նաև մենք և ասում ենք՝ եկեք միասին մեխանիզմներ փնտրենք, եկեք կանխեք այդ երևույթները։ Ինձ թվում է՝ գյուղատնտեսության տարբեր ոլորտներում ձեր նշած մարդիկ որոշակի ճյուղեր բավականին զարգացրել են, և եթե ցանկություն ունենան, այդ ճյուղն էլ կարող են զարգացնել։ Այո՛, Ծառուկյանը։ Մարդիկ հետաքրքրված են, ես ողջունում եմ, որ նրանք գյուղատնտեսության ասպարեզում հաջողություններ են ունենում, այսքան խոսելու փոխարեն թող մի հատ փորձ կատարեն, և անձամբ ինքը կարող է զգալ՝ իրեն խանգարո՞ւմ են։ Մինչև էսօր որևէ խանգարո՞ղ եղել է։ Ես խնդրում եմ նայեք՝ ոչ Հանրապետական կուսակցակցության մեջ գտնվող մարդկանց արտադրությունները ծաղկում են, բարգավաճում են։ Ո՞վ է խանգարել նրանց մինչև էսօր»,- ասաց Բաղդասարյանը։