ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ երկրի տնտեսությունն այլևս չունի պետության կողմից աջակցության կարիք։
Այս հայտարարությունը հրապարակվեց մի ժամանակահատվածում, երբ դեռևս փոքր չեն համաշխարհային տնտեսության վերաբերյալ մտահոգությունները և երբ շարունակում են խոցելի մնալ միջազգային շուկաները։
Սակայն այս որոշումը խոսում է այն մասին նաև, որ ԱՄՆ-ի տնտեսությունը բարելավվում է։ Այս մասին է ասում տնտեսական վերլուծաբաններից Բրեդ ՄըքՄիլանը։ Նրա խոսքերով` Կենտրոնական բանկը նկատել է տալիս, որ իրականացվել է նշանակալի առաջընթաց։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ֆինանսական շուկաներին, պետք է ասել, որ այստեղ լավատեսությունն ավելի փոքր է։ Տոկոսադրույքները բարձրացնելու պատճառով դրամական շուկայում գրանցվել են վաճառքի ավելի փոքր ծավալներ։ Եվ ինչպես տնտեսագետ Գրեգ ՄըքԲրայդն է ասում, «Կենտրոնական բանկի հայտարարությունը կարծես թե մի քիչ ավելի համարձակ էր սպասվածից»։ «Ու զգացվում է, որ նրանք կենտրոնանալու են տոկոսադրույքները շարունակ բարձրացնելու վրա», - նշում է նա:
Այժմ հարցն այն է, թե ֆինանսական աջակցության ծրագիրը դադարեցնելու ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի որոշումն ինչ ազդեցություն կգործի համաշխարհային տնտեսության վրա։ Ներդրումների հարցերով հատուկ փորձագետ Մոհամեդ Էլ-Էրիանն ասում է, թե «կարելի է ակնկալել համաշխարհային տնտեսության և հատկապես արտարժույթի շուկաներում անկայունության խորացում»։
Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ում տոկոսադրույքների աճի պատճառով ներդրումային ավելի մեծ ծավալներով դոլարներ կհոսեն Միացյալ Նահանգներ՝ ավելի դանդաղեցնելով աճը նոր զարգացող շուկաներում։ Սակայն ավելի բարձր արժեք ունեցող դոլարի պատճառով կթանկանան Ամերիկայից արտահանվող ապրանքները։