Թուրք պրոֆեսոր․ Իր ժխտողականությամբ Թուրքիան նոր մեղք է ավելացնում սերունդների ուսերին

Your browser doesn’t support HTML5

Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Միթադ Սանջարը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստն ընդունող և դատապարտող թուրք մտավորականներից մեկն է։

Գիտնականը ոչ միայն դատապարտում է մեկ դար առաջ տեղի ունեցածը, այլև իրավական լուծում ակնկալում։

«Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ոճրագործությունը միանշանակ ցեղասպանություն է և սա շարունակում է բաց վերք մնալ։ Այդ ոճրագործությունը չի մնացել անցյալում ու շարունակում է իր ազդեցությունն ու հետևանքները թողնել նաև մեր օրերում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

«Ցեղասպանության հետ մեկտեղ մի ամբողջ ժողովուրդ և ազգ է տեղահանվել, ինչպես նաև ոչնչացվել է տեղում այդ ազգի մշակութային միջավայրը», - շարունակեց պրոֆեսորը. - «Եղեռնը վերապրածների ու նրանց սերունդների վիշտը մեղմացնելու և ամոքելու համար Թուրքիան պետք է որոշակի քայլեր ձեռնարկի. դրան ուղղված առաջին քայլը պետք է լինի Ցեղասպանության ճանաչումն ու պատմական անարդարության վերացումը»։

Միթադ Սանջարի խոսքով, Թուրքիան իր ժխտողականությամբ նոր մեղք է ավելացնում սերունդների ուսերին, ինչը պատմական անարդարության տրամաբանական շարունակությունն է.- «Երբ ոճրագործը շարունակում է հերքել իր մեղքը, դա անդրադառնում է հաջորդ սերունդների վրա ու դառնում ծանր հոգեվիճակ, ինչը կրկնակի ողբերգություն է սերունդների համար»։

Սանջարը ասաց, թե Ցեղասպանության ճանաչմամբ հարցը չի լուծվում․ դա պետք է ունենա քաղաքական, բարոյական ու իրավական հետևանքներ․ - «Քաղաքական հետևանքներից մեկը կարող է լինել այն, որ Թուրքիայի ներսում կփոխվի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ու հակակրանքն աստիճանաբար կնվազի։ Իհարկե, քաղաքական համատեքստում որոշակի քայլեր արվում են, սակայն դրանք չեն արտացոլվում առօրյա կյանքում՝ օրինակ, նախկին վարչապետ, այսօր արդեն նախագահ Էրդողանի ցավակցական խոսքերը: Չնայած այդ ցավակցական խոսքերին՝ մինչև օրս թուրքական դասագրքերում հայերին վերաբերող դրույթները չեն փոխվում»։

Պատմական արդարությունը վերականգնելուց բացի, ըստ գիտնականի, Թուրքիան պետք է փոխհատուցում տրամադրի Ցեղասպանության զոհերի ժառանգներին․ - «Թուրքիան պետք է սառնասրտորեն մոտենա այս հարցին և չի կարող միայն ներողություն հայցելով հարցը փակել ու հայերին ասել, որ հրաժարվեն իրենց երբեմնի կալվածքներից և ունեցվածքից։ Հարցը նույնիսկ սակարկման ենթակա չէ։ Թուրքիան չի կարող խուսափել փոխհատուցման հարցից։ Իսկ դա կարող է լուծվել միջազգային կառույցների, մասնավոր հատվածի հետ համատեղ ստեղծված հանձնաժողովների միջոցով»։

Ինչ վերաբերում է Թուրքիայում Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուն, ապա, ըստ պրոֆեսորի, դրա համար շրջադարձային եղավ ոչ միայն 2005 թվականին Ստամբուլի Բիլգիի համալսարանում այդ թեմայով անցկացված միջազգային գիտաժողովը, այլև Հրանտ Դինքի սպանությունը․ - «Ինչ-որ կերպ կարող ենք ասել, որ Հրանտ Դինքն իր կյանքով վճարեց, որ այսօր հանգիստ խոսվի այդ թեմայի մասին։ Հրանտը շատ ջանք թափեց, շատ աշխատություններ ունեցավ և նրա մահը մեծ ազդեցություն ունեցավ, որպեսզի սառույցը փոքր ինչ հալվի։ Այդուամենայնիվ, ներկայիս Թուրքիայի քաղաքական ուղեգծին նայելով, դժվար է ասել, որ Անկարան պատրաստվում է մինչև հարյուրամյակը ճանաչել Ցեղասպանությունը»:

«Այսօր մեր ձեռքի տակ չունենք որևէ փաստ, որ Թուրքիայի կառավարությունը 2015 թվականին ընդառաջ կամք կդրսևորի և վճռորոշ քայլեր կանի։ Իրատեսական չեմ համարում, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան կճանաչի իր մեղքը և ներողություն կխնդրի։ Չի կարելի նաև ասել, որ ոչինչ չի արվի, ամեն դեպքում ոչ նշանակալից քայլեր կարվեն։ Պետք չէ սպասել, որ երբևէ Թուրքիան ինքնուրույն ինչ-որ քայլեր կանի, սակայն, եթե գերտերություններն ու միջազգային կառույցները միջամտեն, հնարավոր կլինի շոշափելի արդյունքների հասնել։ Մյուս կողմից էլ, կողմնակի ճնշումները կարող են վտանգավոր լինել. ազգայնականների շրջանում բողոքի մեծ ալիք կարող է բարձրանալ», - եզրափակեց Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Միթադ Սանջարը։