Գարեգին Նժդեհի արձանը կտեղադրվի Կառավարության երրորդ շենքի հարևանությամբ

Your browser doesn’t support HTML5

Երևանի ավագանու այսօր նիստում որոշվեց, որ Գարեգին Նժդեհի արձանը կտեղադրվի Կառավարության երրորդ շենքի հարևանությամբ:

Տեղադրման վայրի հարցում լուրջ տարաձայնություններ կան․ ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամները պնդում են, որ արձանը պետք է տեղադրվի հենց Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղ այսօր կանգնած է Սուրեն Սպանդիարյանի արձանը, և հանրության զգալի մասը կարծում է, թե դա Նժդեհի արձանն է:

«Չմոռանանք, որ նույնիսկ Հանրապետության նախագահը վրիպեց նույն հրապարակում՝ խոսելով այնտեղ տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի մասին: Այսինքն՝ այդ շիլաշփոթը կա: Եվ մենք ունենք այդ առիթը և հնարավորությունը ուղղելու դա», - նշեց ավագանում «Բարև Երևան» դաշինքի խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Ինչևէ, արձանի տեղը որոշված է, և շուտով Երևանի կենտրոնում մի նոր արձան կհայտնվի:

Մի կողմից քաղաքում օր-օրի շատանում են նոր արձանները, մյուս կողմից էլ հեռու չէ այն օրը, որ շենքենրի վրա այլևս տեղ չի մնա հուշատախտակների համար․ ավագանու գրեթե յուրաքանչյուր նիստին առնվազն 3 հուշատախտակի փակցման որոշում է ընդունվում:

Քանդակագործ Դավիթ Մինասյանը, ում հեղինկած գործրից է Երևանի կենտրոնում տեղակայված «Տղամարդիկ» արձանախումբը, Լեոնիդ Ենգիբարյանի արձանը Ծաղկաձորում, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քաղաքային իշխանությունները շատ հաճախ պարզապես չգիտեն «ինչ են անում, ինչպես են անում և ում համար են անում»․ - «Ես ափսոսում եմ ուղղակի ծախսած ռեսուրսների ու զբաղեցրած տեղերի համար»:

Բավական է մի քիչ շրջել մայրաքաղաքում ու կտեսնեք արձաններ, որոնք տեղադրվել են այս կամ այն բարերարի ֆինանսավորմամբ: Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը պնդում է, թե սա չի ենթադրում, որ հարուստ և լծակներ ունեցող քաղաքացին կարող է իր ուզած արձանը տեղադրել քաղաքում․ - «Դա պետք է համահունչ լինի նաև հանրության պահանջներին, ոչ թե մի անձի ժառանգի ցանկությամբ»:

Նա համամիտ չէ նաև պնդումներին, թե քաղաքն այսօր արձանապատվում է ազատ և կանաչ տարածքների հաշվին: Նա կարծում է, որ ստեղծվում է «սերունդները կրթող միջավայր»: Հարցին, թե դաստիարակչական կամ գեղագիտական ինչ ուղերձ ունի, օրինակ, վերջերս Երևանում տեղադրված պատը ճեղքող լրագրողի արձանը, Բաղդասարյանն արձագանքեց․, - «Չեմ ուզում գնահատական տալ: Ամենալավ գնահատականը ժամանակն է: Բայց ինձ համար ավել կամ պակաս չափով դրանք թույլատրելի են ընկալվում»:

Մինչդեռ քանդակագործ Դավիթ Մինասյանը կարծում է, որ սխալվելուն էլ չափ կա, ինչն արդեն մենք անցել եք․ - «Կան արձաններ, որոնք ուղղակիորեն կապ չունեն Երևանի դեմքի կամ հայի կերպարի հետ: Նույն ժուռնալիստի արձանը․ ամերիկյան, ավստրալական սինթետիկ կուլտուրան Երևանում ինչո՞ւ եք բերում»: