Իրաքի 3000 քրիստոնյաներ Հորդանանի եկեղեցիներում են ապաստան գտել իրենց երկրում շարունակվող կռիվների պատճառով։
Կաթոլիկ եկեղեցուն առընթեր «Կարիտաս» կոչվող կազմակերպության համաձայն, հավելյալ 1000 գաղթականներ են ակնկալվում առաջիկա օրերին։ Ի տարբերություն մահմեդական գաղթականների, ովքեր բավարարվում են ՄԱԿ-ի հովանավորած կացարաններով, քրիստոնյաները նախընտրում են իրենց հավատքին պատկանող եկեղեցիներում պատսպարվել։ Իրաքի Քարաքոշը և Մոսուլը քրիստոնյաներով բնակեցված աշխարհի հնագույն քաղաքներն են։
Ֆուադն ու նրա ընտանիքը Մոսուլից Ամմանի միջազգային օդանավակայան են ժամանել մի քանի օր առաջ։ Նրանք դիմել են կաթոլիկ եկեղեցու օգնությանը։
«Եկեղեցին մեզ խորհուրդ է տվել մեկ կամ երկու օր համբերել, որպեսզի կարողանան կացարան գտնել։ Հոգևոր հովիվ Նուրը խոստացել է մեզ ապահով վայրում տեղավորել»,- ասում է Ֆուադ Յաքուբը։
Նաուր կոչվող հանդարտ քաղաքը Ամմանից մոտ 20 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք է ընկած և մայրաքաղաքի մոտ գտնվող բազմամարդ և աղմկոտ գաղթականական ճամբարից շատ տարբեր շրջանում է գտնվում։
Ֆուադի կնոջ՝ Լուբնայի խոսքով, քրիստոնայների դեմ հարձակումները շարունակվում են Սադամ Հուսեյնի տապալումից ի վեր։ Սակայն վերջին մի քանի օրերին իսլամական զինյալները մղձավանջային կացություն են ստեղծել Իրաքում։
«Նրանք մեզ սպառնում են մորթել, ասելով, որ կամ պետք է հեռանանք Իրաքից, կամ հավատափոխ լինենք, կամ էլ ոչ մահմեդականների դեմ ուղղված տուրքեր վճարենք։ Այլևս անհնար է ապրել Մոսուլում, և մեզ սարսափեցնում է մեր դուստրերի ճակատագիրը»,- ասել է քրիստոնյա կինը։
«Իսլամական պետություն» խմբավորումը բռնագրավել է քրիստոնյաների տները և ավերել գրեթե 2000 տարվա հնության սրբավայրերը։ ՄԱԿ-ի մի զեկույցի համաձայն, հունիսին սպանվել է Իրաքի 1500 քաղաքացի՝ մեծ մասը քրիստոնյա։
Իրաքի քրիստոնյաները մեծ դժվարությամբ հասել են կաթոլիկ այս եկեղեցին։ Եկեղեցու նկուղում այժմ պատսպարվում է ավելի քան 45 մարդ։
«Այս նեղ պայմանները ավելի լավ են, քան Իրաքում մեր նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը»,- ասում է Ֆուադը։
«Մենք ամեն ինչ անում ենք մեր աղջիկներին պաշտպանելու համար, որովհետև Իրաքում ապագա չկա»,- ասում է Լուբնան։
Սակայն նույնիսկ Հորդանանում ապագան անորոշ է։ Քրիստոնյա փախստականները ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հարցազրույցի երկրորդ փուլին են սպասում։ Դրանից հետո Ֆուադը հուսով է, որ մշտական ապաստան կստանան Միացյալ Նահանգներում, Եվրոպայում կամ Ավստրալիայում։ Սակայն դա կարող է տարիներ տևել։
«Ցանկանում եմ ապրել մի երկրում, ուր մարդու իրավունքները հարգված են։ Ես պատրաստ եմ ապրել որևէ երկրում»,- ասում է Ֆուադը։
Առայժմ միայն Ֆրանսիան է ապաստան խոստացել «Իսլամական պետությունից» փախչող Իրաքի քրիստոնյաներին։ Ավստրալիան խոստացել է ընդունել 4000 գաղթական, իսկ Միացյալ Նահանգներն ու եվրոպական այլ երկրներ դեռևս ոչինչ չեն խոստացել։