«Նարինե» կաթնամթերքի հեղինակ, պրոֆեսոր Լևոն Երզնկյանի մտքով չէր էլ անցնի, որ մի օր իր բնակարանի տանիքում 5 մետրանոց գմբեթ են տեղադրելու և բնակարան կառուցելու։
Մայրաքաղաքի Տերյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող 4 հարկանի շենքի վերջին հարկում՝ պրոֆեսորի բնակարանի տանիքում, շինարարություն իրականացնելու թույլտվություն է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Գիտնականի թոռը, ում անունով էլ պրոֆեսորը ստեղծել է հայտնի «Նարինե»-ն, արդեն տևական ժամանակ է, ինչ պայքարում է շինարարության դեմ: Արդյունք դեռ չկա, պրոֆեսորի աշխատասենյակի տանիքը արդեն խոնավ է, պատերն էլ ճաքել են։
Տանիքում աշխատող շինարարները չեն հասկանում, թե բնակիչները ինչից են բողոքում: Աշխատանքների ղեկավար Արա Նազարյանը վստահեցնում է, որ մոտ 2 շաբաթից տանիքը կծածկեն, իսկ վնասված բնակարաններն էլ կվերանորոգեն։
Շինարարը վստահ է, որ այս շենքը Թամանյանի կիսատ գործերից էր, և իրենք ամբողջացնում են դրա տեսքը 5 մետրանոց գմբեթով։
«Սրանով ավելի գեղեցիկ է դառնում շենքը: Եթե դուք նայեք հին նկարը, կարող եք «Գուգըլ»-ով բացել, նկարը նայել, և նայեք հիմիկվա նկարը, թե ինչ պետք է դառնա, միանշանակ սա ավելի գեղեցիկ պետք է դառնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց շինաշխատանքների ղեկավար Արա Նազարյանը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ գտնվող այս շենքի տանիքում 4 հարյուր քառակուսի մետրանոց 4 բնակարան կառուցող քաղաքացին, ըստ շինարարության ղեկավարի, հասարակ երևանցի է։
Երևանի քաղաքապետարանն էլ պնդում է, թե թույլտվությունը տրվել է տարբեր կառույցների դրական եզրակացություններից հետո, ստորագրությամբ համաձայնություն են տվել նաև բնակիչները։
Նարինե Ոսկերչյանի խոսքով, մինչդեռ, փաստաթուղթը կեղծված է: Այնտեղ դրված է նաև իր ստորագրությունը, այն դեպքում, երբ ինքը չի ստորագրել։
«Այն թուղթը, որը նրանք մեզ ներկայացրեցին, բոլոր հարևաններն էլ հասկացան, որ դա, բառի բուն իմաստով, կեղծիք է: Դա «Ֆոտոշոփ»-ով կամ որևէ համակարգչային ծրագրով մոնտաժ է արված: Նույնիսկ եթե մեզ ներկայացնեին էդպիսի պահանջ, որ Արման Նազարյանը ուզում է կառուցի, վերակառուցի, մենք ի սկզբանե չէինք էլ ստորագրի, էլ չհաշված, որ մենք Արման Նազարյանին էդ թվականին չէինք էլ ճանաչում», - ասաց Նարինե Ոսկերչյանը:
Քաղաքապետարանի պատասխանում նշված է, որ թույլտվությունը տրվել է մանսարդային հարկ կառուցելու համար, որն ըստ նորմերի, կարող է լինել մինչև 2.70 մետր, մինչդեռ այս կառույցը մի կողմից 3 մետր է, իսկ ճակատային մասում՝ 5 մետր:
Ըստ ճարտարապետ Զոհրաբ Բաուերի, ոչ թե մանսարդ, այլ մի ամբողջ հարկ է ավելացվում բաղդատե տանիքով շինության վրա։
«Բազմաթիվ խնդիրներ կան․ չեն պահպանվում տարրական շինարարական աշխատանքների կատարման պարտավորությունները, այնտեղ շինարարական միջավայրը պետք է իզոլացվի հնարավորինս, որպեսզի անհանգստություն քիչ պատճառի ոչ միայն շենքի բնակիչներին, այլև քաղաքացիներին», - արձանագրեց ճարտարապետը:
Շենքի տանիքը դեռ երկու շաբաթ էլ բաց կմնա: Դժվար է ասել, թե անձրևային եղանակին ինչ վնասներ կհասցվեն բաղդատե հարկերով շենքին։ Բնակիչներից որևէ մեկը, այդ թվում նաև Ոսկերչյանը չի հանդգնում դատարան դիմել, քանի որ նման շինություն կառուցողը, ըստ նրանց, դատարանում կհաղթի։