Փոքր կրպակները նվազել են, սուպերմարկետներն՝ ավելացել․ ԱՎԾ

Your browser doesn’t support HTML5

Պետության հակամենաշնորհային քաղաքականությունը մասնագետը «զրո» է գնահատում:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն, մեկ տարվա ընթացքում նկատելիորեն նվազել է փոքր խանութների թիվը և աճել է սուպերմարկետների քանակը:

ԱՎԾ-ի տվյալներով՝ 2013-ին գերփոքր կամ մինչև 5 աշխատակից ունեցող խանութները Հայաստանում նվազել են ավելի քան 11 տոկոսով՝ կազմելով 11 հազար 597:

Փոքր բիզնեսի այս անկումը զուգորդվել է խոշորի բարգավաճմամբ: 2013-ին սուպերմարկետների կամ ավելի քան 31 աշխատակից ունեցող խանութների քանակն աճել է 6.8 տոկոսով՝ հասնելով 155-ի:

Երևանում այս գործընթացն ավելի արագ է ընթացել․ գերփոքր խանութների քանակն ավելի շատ է կրճատվել՝ ավելի քան 15 տոկոսով՝ կազմելով 7487, և սուպերմարկետների քանակն ավելի շատ է աճել՝ 8.6 տոկոսով։ Ընդամենը մեկ տարում խոշոր խանութների թիվը Երևանում 138-ից հասել է 150-ի:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, այս տվյալները վկայում են, որ փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու իշխանությունների հայտարարությունները, նախաձեռնած տարբեր ծրագրերը կրում են ձևական բնույթ, և Հայաստանում մոնոպոլիստների հետ կապված սուպերմարկետների ցանցերը շարունակում են ընդլայնվել ի հաշիվ փոքր բիզնեսի:

«Յուրաքանչյուր մի փոքր խանութ պահում է մեկ ընտանիք, ու եթե նայում ենք, որ մի քանի հազարով պակասել է, նշանակում է՝ մի քանի հազար ընտանիք կորցրել է իր եկամուտի աղբյուրը», - ասաց Հայկ Գևորգյանը:

Պետության հակամենաշնորհային քաղաքականությունը հատկապես առևտրային ոլորտում «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Ավագյանը «զրո» գնահատեց:

«Պետությունը, բացի հարկ հավաքելու իր ֆունկցիայից պետք է կատարի նաև վերաբաշխման ֆունկցիա, այսինքն, օրինակ, մենք ունենք գնումների գործընթաց, գնումներն իրականացնելիս իրականացվում է մեր հարկերի միջոցով, այսինքն, դու պետք է խրախուսես էդ փոքր բիզնեսին ու առևտուրը տանես առաջին հերթին էդ փոքրից», - ասաց Ավագյանը՝ շարունակելով, որ մեզ մոտ այդպես չի արվում, քանի որ մենք չունենք պայման, որ եթե բոլորովին հավասար պայմաններով նույն ապրանքը առաջարկվում է, առաջնահերթությունը տրվի ՓՄՁ սուբյեկտի առաջարկությանը:

Մասնագետները նկատեցին, որ Հայաստանում փոքր բիզնեսին կործանողը միայն մենաշնորհները չեն: Չնայած բարձրագոչ հավաստիացումներին, հարկային մարմինները շարունակում են, մեղմ ասած, խիստ մոտեցումներ ցուցաբերել փոքր ու միջին գործարարների նկատմամբ:

«Մենք ունենք դեպքեր, երբ որ նոր բացված խանութը 6 ամսվա ընթացքում երկու հարկային ստուգում է ունեցել, որի արդյունքում շատ լուրջ հարված է ստացել», - ասաց Հակոբ Ավագյանը:

Այս ամենի ֆոնին օրերս լրագրողների հետ հանդիպմանը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Կառավարության նպատակն է այնքան աջակցել փոքր ու միջին ձեռնարկություններին, որ նրանք կարողանան մրցակցել ոչ միայն հայաստանյան շուկայում, այլ նաև՝ միջազգային ասպարեզում:

Այդ խոսքերից հետո Ճշմարիտյանին ներկայացրեցինք ԱՎԾ տվյալները և խնդրեցինք մեկնաբանել:

«Գիտեք, կրպակի, խանութի կրճատումը դեռևս չի նշանակում, որ դրա կողքը փոքր ինչ-որ հացաթխման ինչ-որ արտադրություն չի ստեղծվել: Մի ցուցանիշով, երկու ցուցանիշով պետք չի նայել, պետք է նայել ընդհանուր դաշտում», - ասաց նախարարը: