Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի նախագահն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ:
Սերժ Սարգսյանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Օլանդին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատարման և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար:
Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունից բացի, ակտիվորեն զարգանում և ամրապնդվում են նաև տնտեսական կապերը. ֆրանսիական ներդրումների ծավալը հայաստանյան տնտեսության մեջ այսօր արդեն կազմում է շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար:
Նախագահ Օլանդը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին` միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի շահագրգիռ մասնակցության, ինչպես նաև աֆրիկյան տարածաշրջանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին հայկական կողմի մասնակցության պատրաստակամության համար:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման օգտին և նշել, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` միտված բանակցային գործընթացի առաջմղմանը, տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը:
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո Փարիզի Մարինյի պալատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մեկնարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները: