Ազգային ժողովի փոխնախագահ, հինգ երեխաների մայր Հերմինե Նաղդալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ակտիվորեն մասնակցելու է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին նվիրված այսօրվա լսումներին:
Որպես տարիներ շարունակ աշխատող մայր՝ Նաղդալյանը կարծում է, որ քննարկումների միջոցով կփորձեն խնդրին ճիշտ լուծում գտնել և խրախուսել ընտանիքներին հնարավորինս շատ երեխաներ ունենալ:
«Կարծում եմ, որ լսումներից առաջ խոսել այդ օրինագծի և այդ գաղափարի վերջնական տեսքի մասին դեռ մի քիչ վաղ է, բայց շատ կարևորում եմ, որ խորհրդարանը հատուկ միջոցներ ձեռնարկեց, և այդ լսումներին հրավիրված են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, հրավիրյալների մեծ ցանկ կա», - ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ կա պատրաստակամություն ականջալուր լինելու:
«Կառավարությունը նույնպես իր համաձայնությունն է տվել և մասնակցելու է այդ լսումներին: Կարծում եմ, որ սա այն լավ օրինակն է, երբ օրենսդիրը, գործադիրը և քաղաքացիական հասարակությունը իրար հետ փորձենք քննենք, գնահատենք և փորձենք լուծումներ տանք: Ինքս էլ եմ մասնակցելու այդ քննարկմանը և կարծում եմ, որ մենք կգանք այն եզրակացության, որը կլինի ճիշտ լուծումը», - նշեց Ազգային ժողովի փոխնախագահը:
Հարցին՝ արդյոք արդարացի՞ է համարում հղի կանանց պահանջները, Նաղդալյանն արձագանքեց․ - «Ես համարում եմ, որ մենք պարտավոր ենք մաքսիմալ ուշադիր լինենք մեր ապագա մայրիկների նկատմամբ: Ժողովրդագրական խնդիրները մեզանում այսօր այնպիսի դերակատարություն ունեն, որ մենք պետք է նախևառաջ փորձենք հնարավորինս աջակցել, որ մեր երկրում ծնելիությունը բարձրանա»:
Այսօր Ազգային ժողովում կմեկնարկեն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին նվիրված լսումները:
Եթե օրենսդիր մարմինը օրենքի ուժ տա Կառավարության նախաձեռնած օրինագծին, ապա հաջորդ տարվանից մայրության արձակուրդի ընթացքում մայրերին ավելի քիչ գումար կվճարվի:
Կառավարությունն այս նախաձեռնությունը բացատրում է բյուջեի սղությամբ և պնդում է, թե կրճատելով աշխատող մայրերի գումարը՝ միջոցներ կտնտեսի ու 2016 թվականից արդեն գումարներ կվճարի նաև չաշխատող մայրերին։ Մայրերն ու հղի կանայք վրդովված են․ նրանք տարակուսում են, թե ինչու է Կառավարությունը խոցելի դարձնում աշխատող մայրերին ու ոտնահարում աշխատող կնոջ իրավունքը։
Այդ մասին այսօր նրանցից մի քանիսը պատրաստվում են բարձրաձայնել հենց խորհրդարանում: Իսկ դրսում այդ ընթացքում օրինագծին ընդդիմացողները նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել:
Հիշեցնենք, որ նմանատիպ մի ակցիա էլ կազմակերպվել էր անցած շաբաթ կառավարության շենքի առջև: