Ոչ իշխանական եռյակը այսօրվա հանրահավաքում դարձյալ չներկայացրեց իշխանափոխության միասնական ճանապարհային քարտեզ և ժամանակացույց: Ակնկալվում էր, որ առաջիկա գործողությունների սցենարը կհնչի «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի ելույթում: Գագիկ Ծառուկյանը, սակայն, ասաց, թե իշխանափոխություն կպարտադրեն՝ եթե մերժվեն «համաժողովրդական շարժման» պահանջները:
«Հաշվի առնելով ժողովրդի ֆինանսական վիճակը և գոյություն ունեցող լրջագույն խնդիրները՝ մենք վերահաստատում ենք մեր պահանջները՝ ռացիոնալ քննարկումների ընթացքում հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները: Սա է այս իրավիճակից դուրս գալու գրագետ, օպտիմալ ճանապարհը: Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք՝ երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով, և առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ փողոցում և հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ», - հայտարարեց Ծառուկյանը:
Հանրահավաքին միացած ազատամարտիկներն առաջարկել էին այսօրվանից նստացույց սկսել Ազատության հրապարակում: Գագիկ Ծառուկյանը մերժեց այդ տարբերակը, ասաց՝ եռյակը պետք է քննարկի:
Փոխարենը «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը հանրահավաքի հազարավոր մասնակիցներին տեղեկացրեց, որ Հայաստանով մեկ ստեղծվելու են շարժման շտաբեր․ - «Ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար դուք դառնալու եք մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում: Մենք պարտավոր ենք այս նոր ձևավորվող հզոր շարժմանը տալ կառուցվածքային և կազմակերպչական լուծումներ»:
«Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ժամանակ չունենք: Անհրաժեշտ են այս խորը ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր: Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Ճանապարհը հստակ է՝ ամենասեղմ ժամկետում գնալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ վերացնելով մեծամասնական ընտրակարգը, գնալ ընտրությունների: Սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից և համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի և ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները», - ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը:
Նա շեշտեց, որ երկրում ձախողումները համատարած են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ․ - «Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման և առողջացման որևէ խելամիտ և հավատ ներշնչող ծրագիր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի՛ է վատանալու: Ու հենց այս պահին իշխանությունն առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի և շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով ու նույն մարդկանցով: Արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը հետաձգվեց ժողովրդի ճնշման շնորհիվ: Դա նշանակում է, որ համաժողովրդական ճնշումը պետք է է՛լ ավելի մեծացվի և որ առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու»:
Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, մինչդեռ, այսօր կրկին պնդեց, որ եռյակի օրակարգում Սերժ Սարգսյանի անհապաղ պաշտոնանկությունն է:
Առաջին նախագահը, սակայն, ճիշտ չի համարում բացել խաղաքարտերը, հրապարակել մարտավարությունը․ - «Մենք բացեիբաց հայտարարում ենք, որ ծրագրել ենք Սահմանադրության շրջանակներում իրականացվող համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել, որից հետո անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, նախապես, բնականաբար, հիմնովին վերափոխելով Ընտրական օրենսգիրքը և նրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք այսուհետև կբացառեն լայնածավալ և համակարգային բնույթ կրող ընտրակեղծիքների հնարավորությունը։ Եվ հարթակում ոչ ոք չի առարկի: Ստրատեգիայի հարցում մենք միակամ ու վճռական ենք և գնալու ենք մինչև վերջ, այսինքն՝ մինչև սարգսյանական ռեժիմից լիակատար ազատագրումը»:
Եռյակի երրորդ կուսակցության՝ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հստակեցրեց՝ մինչև Ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015-ի ապրիլի 24-ը, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա․ - «Գալ քաղաքական համաձայնության Հայաստանի փրկության համար, կիսել իշխանությունը ժողովրդի հետ, ստեղծել ժամանակավոր կառավարություն, հրաժարական տալ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան և ամբողջ իշխանություն, և ժողովրդի տևական, ամենօրյան ճնշման ներքո մինչև ապրիլի 24-ը կազմակերպել նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ»:
Հանրահավաքում չշրջանցվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման: Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց, թե դա արդեն կայացած իրողություն է․ - «Հիմա, ինչ է թե Հայաստանը սարգսյանական վարչախմբի ձախորդ քաղաքականության և անխուսափելի զարգացումների հետևանքով հայտնվել է Եվրասիական միությունում, դրա համար սո՞ւգ հայտարարենք, ողբա՞նք, լա՞ց լինենք, անդադար նվնվոցներով թևաթա՞փ անենք և վերջնականապես վհատեցնե՞նք ժողովրդին, թե՞ հակառակը, թևներս քշտենք և, օգտվելով այդ միության ընձեռած հնարավորություններից, փորձենք շենացնել, բարեկարգել մեր երկիրը․․․ Ուստի իմ կարծիքով, չափազանցված են և իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում նաև Եվրասիական միությանն անդամագրվելու հետևանքով Հայաստանի ինքնիշխանության կամ սուվերենության կորստի մասին խոսակցությունները»։
Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձեց առաջին նախագահին՝ ասելով․ - «Մենք դեմ ենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և համարում ենք, որ Սերժ Սարգսյանը, որպես ոչ լեգիտիմ պաշտոնյա, իր առ ոչինչ ստորագրությամբ Հայաստանը տանում է սխալ ուղղությամբ»:
Հանրահավաքի ավարտին տեղի ունեցավ երթ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Հաջորդ հանրահավաքի օրն այսօր չհրապարակվեց: