«Նյու Յորք Թայմզ» օրաթերթի հատուկ ներդիրում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի նախաբանում հեղինակը գրում է, որ Հայաստանի նախագահը պատմելու է իր ղեկավարած դինամիկ, երիտասարդ և կենսունակ ազգի, նրա տնտեսության և միջազգային կապերի մասին։ Նշվում է, որ Հայաստանը ամրապնդում է իր միջազգային դիրքերը, իսկ ներդրումների համար բաց է։
Հարցազրույցում Սերժ Սարգսյանը բացատրում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացել է՝ հաշվի առնելով իր ազգային շահը, տնտեսական և աշխարհաքաղաքական հետաքրքրությունները։
«Ինչպես և ասել եմ տարբեր առիթներով իմ ելույթներում և հարցազրույցներում, այս որոշումը չի ընդունվել Արևմուտքի հետ ունեցած հարաբերությունների հաշվին: Մենք շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, միաժամանակ առաջ ենք մղելու նաև եվրոպական օրակարգը», - ասում է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը անկախությունից ի վեր հավասարակշռված է եղել, և առաջիկայում էլ շարունակելու են զարգացնել Եվրամիության և ամբողջ Արևմուտքի հետ հարաբերությունները, քանի որ դրանք Հայաստանի բարգավաճման համար կարևոր են։
Սարգսյանը տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև հակադրությունը անիմաստ է համարում, քանի որ ըստ նրա՝ 21-րդ դարում՝ գլոբալիզացիայի պայմաններում, աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների ստեղծմանը, իսկ սահմանները կորցնում են իրենց նշանակությունը։
«Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու շնորհիվ Հայաստանը կարող է կարևոր կապող օղակ դառնալ ԵՏՄ-ի և Արևմուտքի գործարար համայնքների միջև: Այս կոնտեքստում մենք մտահոգված ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերջին լարվածությամբ: Մենք շահագրգռված ենք, որ մեր գործընկերների հակասությունները հարթվեն, քանզի փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, նման վայրիվերումների նկատմամբ խիստ զգայուն են»,- հարցազրույցում ասում է Սարգսյանը։
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Հայաստանի նախագահը նշում է, թե արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում: Դրա պատճառը, նրա խոսքով, հարևան դիկտատուրան է, որը կուրացել է նավթադոլաներից։
«Երկար տարիներ բարձր մակարդակով հնչող սպառնալիքները իրական գործողությունների վերածվեցին, երբ քաղաքացիական օբյեկտները՝ մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաև խաղաղ բնակչությունը դարձան կրակի թիրախ: Այս հարցում միջազգային հանրության թյուրընկալում եմ տեսնում, քանի որ հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև: Ավելի քան 20 տարի Հայաստանը զգուշացնում էր Ադրբեջանի ռազմական մտադրությունների մասին, բայց ոչ մի արձագանք: Սա կամ թյուրընկալում է, կամ անտարբերություն»:
«Նյու Յորք Թայմզ»-ի այն հարցին, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Նահանգներից, նախագահը նշում է, որ ԱՄՆ-ն միշտ էլ հետևողական ջանքեր է գործադրել տարածաշրջանում կայունություն ստեղծելու ուղղությամբ, և չնայած Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, դրանք Ադրբեջանի կողմից տապալվում են, մինչդեռ բանակցային ուղին այլընտրանք չունի։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ Սարգսյանը շեշտում է, որ անգամ այսօր է մարդկությունը նման հանցագործությունների ականատես լինում, և Հայաստանը իրեն պարտավորված է զգում կանխել ցեղասպանությունների կրկնությունը, այդ պատճառով էլ, ըստ Հայաստանի նախագահի, պետք է դատապարտվեն նախկինում կատարված հանցագործությունները։
«Ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի այս հանցագործությունների ճանաչման, դատապարտման հարցում: Սա է մեր ուղերձը միջազգային հանրությանը»։
Հարցազրույցում նախագահը անդրադառնում է նաև հայ-ամերիկյան հարաբերություններին, իսկ վերջում խոսում Հայաստանի ապագայի մասին։
Նա պատմում է երիտասարդ սերնդի մասին, որը նրա խոսքով ավելի հայրենասեր է, քան իր սերունդը։ Նախագահը վստահություն է հայտնում, որ երկիրը փոխանցելու են ապահով ձեռքեր, որոնք այն ավելի ծաղկուն կդարձնեն։
«Այսօր Հայաստանը երկիր է, որ զարգանում է քաղաքակիրթ աշխարհի կանոններով՝ արդյունավետ պետության, բաց հասարակության, մրցունակ տնտեսության կայացմամբ: Հաշվի առնելով սա՝ ես իսկապես վստահ եմ մեր երկրի ապագայի հարցում», - ասել է Սերժ Սարգսյանը։