Հայ առաքելական եկեղեցու կանոնադրության մշակումը շարունակվում է

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն այսօր ասուլիս էր հրավիրել` տեղեկացնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կանոնադրության մշակման ընթացքի մասին:

«Հայ եկեղեցու համար իր կանոնադրությունը կարևորագույն խնդիրներից և հրամայականներից մեկն է մշտապես եղել, սակայն ժամանակները թույլատու չեն եղել, որպեսզի եկեղեցին կարողանա ձեռնամուխ լինել ի վերջո այդ կանոնադրության կազմության և մշակման», - նշեց նա:

Գործընթացը, Մելիքյանի փոխանցմամբ, սկսվել է Վազգեն Վեհափառի գահակալության վերջին տարիներին, արդեն Գարեգին Երկրորդ կաթողիկոսի օրոք ձևավորվել են հատուկ հանձնախմբեր, որոնք հատկապես 2009 թվականից ի վեր լայնածավալ աշխատանք են կատարել կանոնադրության մշակման ուղղությամբ. - «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որը ազգային ամենահին կառույցն է, պետք է օժտված լիներ կանոնադրությամբ: Մինչ այժմ առաջնորդվում է «Կանոնագիրք հայոց»-ով, բոլոր այն դատաստանագրքերով, որոնք առկա են, և տարբեր ժամանակներում ձևավորված որոշակի կանոնադրություններով»:

Նա նշեց, որ Կանոնադրության նախաշավիղը կազմվել էր դեռ Վազգեն Առաջինի օրոք, և դրա առանձին հատվածներն այժմ ընդգրվում են Կանոնադրության այս կամ այն գլխում:

Տեր Վահրամը նշեց, որ, ցավոք, միշտ չէ, որ պատշաճ կերպով տեղեկացրել են հասարակությանը այս կարևոր գործընթացի մասին, և դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ անհիմն մեղադրանքներ են հնչում թե’ Վեհափառի, թե’ Եկեղեցական ժողովի հասցեին հատկապես որոշ կարգալույց հոգևորականների կողմից:

Որպես օրինակ բերեց Անթիլիասից կարգալույծ քահանա Ոսկան Մխիթարյանի մեղադրանքը, թե Մայր Աթոռն ու Վեհափառ Հայրապետը փորձում են զավթել եկեղեցական կալվածքները, ինչի մասին իբր խոսվել է վերջերս կայացած եկեղեցական ներկայացուցչական ժողովի ընթացքում:

Վահրամ քահանա Մելիքյանը պաշտոնապես հերքեց այդ ամենը. - «Ժողովի ամբողջ ընթացքին և’ անձնապես ներկա եմ եղել, և’ պաշտոնապես Սուրբ Էջմիածնի կողմից հերքում են սա` տեղեկացնելով, որ Մայրչ Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես նախանձախնդիր է եղել, որպեսզի իր նվիրապետական աթոռները, որոնք անբաժանելի մասն են կազմում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, մշտապես լինեն պայծառ, լինեն զորեղ և ուժեղ»:

Հարցին, թե երբ պատրաստ կլինի կանոնադրությունը, Մելիքյանը պատասխանեց. - «Ես չեմ կարող դա կանխատեսել, որովհետև դա ահռելի աշխատանք է, որն իրականացվում է մի քանի հանձնաժողովի կողմից»: