Լեհաստանում կտեղադրվի Վիքիպեդիայի արձանը

Ինտերնետային հանրագիտարանի՝ Վիքիպեդիայի արձանը արվեստանոցում, 13-ը հոկտեմբերի, 2014թ.

Արձանի քանդակագործը Միհրան Հակոբյանն է։

Այսօր Լեհաստանի համալսարանական փոքր Սլուբիցե քաղաքում բացվելու է ինտերնետային հանրագիտարանի՝ Վիքիպեդիայի արձանը։ Այս մտահղացման մարմնավորողը, քանդակագործը հայ է՝ Միհրան Հակոբյանը։

«Ես միշտ երազել եմ զբաղվել քանդակագործությամբ։ Սովորել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, և իմ երազանքն է եղել կատարեմ ոչ թե ինչ-որ փոքր, մանր-մունր բաներ զուտ փող աշխատելու համար և կոչվեմ նկարիչ-քանդակագործ, բայց իրականում ընդամենը փող աշխատեմ դրանով։ Ես միշտ ցանկացել եմ որևէ բան, որը կմնա մարդկանց հիշողության մեջ, կդրվի քաղաքում, ինչ-որ զգալի, ինչ-որ մեծ բան։ Այնպես որ, երբ ստացա առաջարկը, ես զգացի, որ այդպիսի առաջարկ լինում է մի անգամ և, իհարկե, ես առանց երկմտելու համաձայնեցի։ Ես այդպիսի առաջարկներից երբեք չեմ հրաժարվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Գրքեր հիշեցնող պատվանդանի վրա չորս մարդկային ֆիգուրներ ձեռքերի վրա պահում են Վիքիպեդիայի խորհրդանիշ մասնիկներից հավաքած մեծ երկրագունդը։ Ահա այսպես է Հակոբյանը պատկերել աշխարհում ամենատարածված առցանց հանրագիտարանը։

«Գաղափարի հեղինակը մեր համալսարանի տնօրենն է, ինքն է պատկերացրել, որ հենց պետք է լինի Վիքիպեդիայի սիմվոլը և պետք է լինեն չորս ֆիգուրաներ, որոնք բարձրացնում են։ Ինքն ընդամենը բառերով, լեզվով բացատրում էր՝ ինչ է ուզում։ Իսկ արդեն իրականացնելը իմ խնդիրն էր՝ որպես քանդակագործ։ Դիմեց ինձ, իհարկե, խորհրդակցելով՝ այդպիսի գործերը հենց այդպես են կատարվում, կա պատվիրատու, կա կատարող, և իրար հետ խորհրդակցելով, ես՝ որպես մասնագետ ճշտումներ մտցնելով, որովհետև ամեն միտք չէ, որ կարելի է դարձնել քանդակ, ամեն դեպքում, հարմարեցնելով իր միտքը քանդակի հնարավորություներին՝ ստեղծվեց այդ գործը», - ասաց քանդակագործը։

Սա Վիքիպեդիայի աշխարհում առաջին արձանն է։ Մտահղացման հեղինակը համալսարանի տնօրեն Կշիշտոֆ Վոյցեխովսկին է։ Նա մի քանի տարի փորձել է հովանավորներ գտնել, ի վերջո, Սլուբիցեի քաղաքապետարանը 15 հազար եվրո է հատկացրել՝ գտնելով, որ արձանի տեղադրումը կարող է քաղաքը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար։

Ինչո՞ւ Վիքիպեդիայի արձանը տեղադրել Սլուբիցեում, այլ ոչ Սան Ֆրանցիսկոյում, որտեղ այն հիմնադրվել է՝ այս հարցին Կշիշտոֆ Վոյցեխովսկին պատասխանել է, որ այստեղ հայրենասիրական մղում կա: Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ՝ նա ասել է, որ հենց սկզբից լեհ հեղինակները ամենաակտիվներից են եղել, Վիքիպեդիայում ավելի քան 1 միլիոն հոդված լեհերենով է տեղադրված, քանակական բազայով դրանք մրցակցում են իսպաներեն ու ֆրանսերեն հոդվածների հետ: «Իսկ եթե Վիքիպեդիայի հեղինակներին հաշվենք ըստ երկրների բնակչության թվի, ապա մենք երկրորդն ենք Նիդերլանդներից հետո: Ես հպարտանում եմ դրանով», - ասել է նա:

Վիքիպեդիայի լեհական կազմակերպությունը ֆորում է բացել, որտեղ հնարավոր է հանդես գալ մեկնաբանություններով մտահղացման մասին:

Վիքիպեդիայում արդեն արձանի մասին տեղադրվում են տարբեր լեզուներով հոդվածներ, դրանք մշտապես լրացվում, խմբագրվում են։