Էներգետիկ ոլորտի, նավթի ու գազի բնագավառում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի գործադիր տնօրենը անցած գիշեր Մոսկվայի օդանավակայանում զոհվեց հարբած ռուս վարորդի պատճառով:
Ֆրանսիական «Տոտալ» ընկերության տնօրեն Քրիստոֆ դը Մարժերիի փոքր, 4 տեղանոց «Ֆալկոն» օդանավը «Վնուկովո» օդանավակայանից պատրաստվում էր թռիչքի: Մոսկվայի ժամանակով կեսգիշերի սահմաններին օդանավը արագություն է հավաքում, բայց վերջին պահին, գետնից պոկվելու վայրկյանին օդանավը բախվում է թռիչքուղու վրա ձյուն մաքրող մեքենային, տապալվում ու այրվում։
Օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ «Տոտալ» ընկերության տնօրեն Քրիստոֆ դը Մարժերին և օդանավի անձնակազմի 3 անդամները զոհվել են։
Ձյուն մաքրող մեքենայի վարորդը չի տուժել, նա ձերբակալված է: Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը ասել է, որ վարորդը հարբած է եղել, հետաքննությունը դա արդեն պարզել է:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Տատյանա Մորոզովան ևս լրագրողներին ասել է, որ վարորդը հարբած է եղել։
Մոսկվայում շարունակվում է հետաքննությունը, հնարավոր է լինեն ուրիշ ձերբակալություններ։ Հետաքննությունը մերժում է ողբերգական պատահականության վարկածը, քննչական կոմիտեն հստակ հայտարարում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել ծառայողական անփութության պատճառով։
Այս ողբերգական իրադարձությունից ժամեր առաջ «Վնուկովո» օդանավակայանը անցել էր 2014-2015թվականների աշնանային-ձմեռային ռեժիմի: Ամենամյա ստուգում էր անցել օդանավակայանը սպասարկող ողջ տեխնիկան:
Օդանավի սև արկղերը հայտնաբերվել են, դրանք նորմալ վիճակում են: Ավիացիայի միջազգային կոմիտեի որոշմամբ՝ այդ արկղերը բացվելու են ֆրանսիացի մասնագետների ներկայությամբ։
63-ամյա Քրիստոֆ դը Մարժերին «Տոտալ» ընկերությունը ղեկավարում էր 1991 թվականից: «Տոտալ»-ը Ռուսաստանում խոշոր ծրագրեր, ներդրումներ իրականացնող արևմտյան ընկերություններից մեկն էր։ Նա գտնում էր, որ չնայած Ուկրաինայի խնդիրներին, Եվրոպան պետք է շարունակի էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ: Նա Մոսկվա էր ժամանել քննարկելու Ռուսաստանի հետ բիզնես ծրագրերը։ Ողբերգական վթարից ժամեր առաջ «Տոտալ»-ի ղեկավարը ՌԴ վարչապետի հետ քննարկում էր Ռուսաստանում ներդրումները խորացնելու հարցերը։
Առավոտյան Փարիզի բորսայի բացմանը «Տոտալ»-ի ակցիաները ընկել են, բայց իրավիճակը մեղմվել է, երբ տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ առաջիկա ժամերին նիստ է անցկացվելու Քրիստոֆ դը Մարժերիին փոխարինող նշանակելու համար:
«Տոտալ» ընկերությունը համարվում է նավթի և գազի ոլորտում աշխարհի 5-րդ խոշորագույն ընկերությունը։ Անցյալ տարի ընկերության եկամուտները կազմել են 10 միլիարդ 800 միլիոն եվրո: