ԱՄՆ, Իրանի և Եվրամիության դիվանագետները հանդիպել են Վիեննայում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վիեննայում ասուլիս է տալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլից հետո, արխիվ

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը հնարավոր է, և բանակցությունների վերջնաժամկետը երկարաձգելու կարիք չկա։

Միացյալ Նահանգների, Իրանի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները չորեքշաբթի օրը հանդիպել են Վիեննայում՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ մինչև նոյեմբերի 24-ի վերջնաժամկետը վերջնական համաձայնության հանգելու համար։

Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների համաձայն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը հնարավոր է, և բանակցությունների վերջնաժամկետը երկարաձգելու կարիք չկա։ Թեհրանն ու Մոսկվան ավելի վաղ հայտարարել էին, թե հավելյալ ժամանակ է անհրաժեշտ համաձայնություն կայացնելու համար։

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի համաձայն, դեռևս առկա են նշանակալից տարբերություններ ուրանի հարստացման Իրանի ծրագրի շուրջ ձևավորված դիրքորոշումներում։

Իրանն ու բանակցող վեց կողմերը՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան ձգտում են մինչև նոյեմբերի 24-ը լուծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բոլոր անհամաձայնությունները։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ու Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրը բանակցությունները վերսկսեցին՝ համաձայնության ջանքերն արագացնելու նպատակով։

Բանակցությունները կենտրոնանում են Իրանի միջուկային գործունեությունը սահմանափակելու դիմաց Թեհրանի դեմ ուղղված և տնտեսությունը վնասող պատժամիջոցները վերացնելու վրա։ Թեհրանը պնդում է, թե իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։ Սակայն արևմտյան երկրներին մտահոգում է միջուկային զենքեր մշակելու Իրանի կարողության զարգացումը։

Արևմտյան պաշտոնյաները հայտարարել են, որ դեռևս կարևոր տարբերություններ կան կողմերի դիրքորոշումների միջև, հատկապես Իրանում հարստացված ուրանի արտադրության ապագա ծավալների առնչությամբ։