Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի արդեն երկրորդ հայցն է ներկայացնում Վարչական դատարան։
Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ Ազգային ժողովի նախագահը խոչընդոտում է իր պատգամավորական գործունեությունը. այս անգամ՝ յուրաքանչյուր կիրակի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խորհրդարանական ժամ» ծրագրից ամբողջովին հանվել է իր ելույթը։
Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Զարուհի Փոստանջյանը հայց էր ներկայացրել Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել խորհրդարանի ղեկավարին շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը խստորեն դատապարտող` իր հեղինակած հայտարարության նախագիծը:
«Պարբերաբար իմ գործունեության ընթացքում, որպես «Ժառանգություն» խմբակցության անդամ, իհարկե, տարբեր խոչընդոտների եմ բախվել թե՛ Ազգային ժողովի նախկին նախագահի կողմից, թե՛ այսօրվա, ներկայիս՝ Գալուստ Սահակյանի, բայց այս պահին Գալուստ Սահակյանի գործողությունները դարձել են ավելի ագրեսիվ և, փաստորեն, Գալուստ Սահակյանը պարբերաբար արդեն խոչընդոտում է պատգամավորի աշխատանքը, թույլ չի տալիս, որպեսզի իմ օրենսդրական նախաձեռնությունները դրվեն շրջանառության մեջ։ Նա պետք է համապատասխան նախագիծն ուղարկի որևիցե մի հանձնաժողովի և աշխատակազմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը։
Պատգամավորը պնդում է, որ հիմա էլ Գալուստ Սահակյանը հրահանգել է իր տեսաձայնագրած հայտարարությունը եթեր չհեռարձակել։
«Իմ հայտարարությունները, որը ես որպես տեսակետ ներկայացնում եմ «Ժառանգություն» խմբակցության անունից, պետք է նաև եթեր հեռարձակվեն Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերությամբ։ Այստեղ էլ նա այս անգամ խոչընդոտել է և հրահանգել է, որպեսզի այդ հայտարարության արդեն տեսաձայնագրված հոլովակը եթեր չհրապարակվի, և հանել է եթերից։ Ուզում եմ ասել, որ, փաստորեն, Գալուստ Սահակյանը, սպասարկելով, իհարկե, Սերժ Սարգսյանի այս բռնազավթիչ գործողությունները, ամեն գնով փորձում է ծառայել Սերժ Սարգսյանին, և այն նախագիծը, որը վերաբերում էր Սյունիքի մարզպետի նշանակմանը՝ Սուրիկ Խաչատրյանին, փաստորեն, նա փորձում է խոչընդոտել, չդնել շրջանառության մեջ», - ասաց Փոստանջյանը։
Պատգամավորի խոսքով՝ որպես ելույթը հաղորդաշարից հանելու հիմնավորում նշվել է իբր հայտարարությունում առկա վիրավորանքն ու զրպարտությունը։
«Իբրև թե, իր գնահատմամբ, դրանք պարունակում են վիրավորական և զրպարտչական հայտարարություններ, մինչդեռ վիրավորանքի և զրպարտության համար կարող է միայն տվյալ անձի, ում նկատմամբ կա նման հայտարարություն, հայցադիմումի հիման վրա՝ օրինական ուժի մեջ մտած վճռով միայն կարելի է նման գնահատական տալ։ Դիմել էի Վարչական դատարան՝ պարտավորեցնել Գալուստ Սահակյանին կատարել գործողություն, այսինքն՝ դա վերաբերում էր հայտարարության նախագծին՝ իմ օրենսդրական իրավունքի իրացմանը։ Այս պահին Վարչական դատարանում է այդ գործը։ Հիմա ևս երկրորդը ավելացավ, որը այս հայտարարությունն է, որ թույլ չի տվել, որպեսզի եթեր հեռարձակվի», - հայտարարեց Փոստանջյանը։
Պատգամավորը սա և՛ պատգամավորական գործունեության խոչընդոտում որակեց, և՛ որպես իշխող Հանրապետական կուսակցության կողմից «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ ոտնձգություն։