Մոսկվան Աբխազիային ուժային կառույցների փաստացի միավորման առաջարկ է ներկայացրել

Սուխումի

Ռուսաստանն Աբխազիայի իշխանություններին առաջարկում է նոր մակարդակի հասցնել միջպետական հարաբերությունները՝ միասնական արտաքին քաղաքականութան իրագործման, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության միասնական տարածքի ձևավորման միջոցով:

Այս մասին նշված է Մոսկվայից Սուխումի փոխանցված այն համաձայնագրի նախագծում, որ ռուսական կողմն առաջարկում է կնքել արդեն առաջիկա ամիսներին, և որի տեքստը երեկ հրապարակեցին աբխազական լրատվամիջոցները:

«Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման» մասին անվանումը կրող փաստաթուղթը ընդհանուր առմամբ 6 գլուխներից և 25 հոդվածից է բաղկացած: Դրանում երկկողմ հարաբերությունները կանոնակարգված են բոլոր ասպարեզներում` ռազմականից մինչև առողջապահություն:

Ռուսաստանն Աբխազիային առաջարկում է միասնական պաշտպանական ենթակառույցներ ստեղծել, ինչն, ըստ փաստաթղթի հեղինակների կենթադրի «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի և Աբխազիայի Հանրապետության զինված ուժերի հիման վրա Միասնական զորախմբի ստեղծում, ինչպես նաև Աբխազիայի սահմանների համատեղ պաշտպանության կազմակերպում»:

Անդրադառնալով ռազմական համագործակցության մանրամասներին` փաստաթղթի հեղինակները ընդգծում են.- «Ստորագրող կողմերից որևէ մեկի դեմ ագրեսիայի դեպքում մյուս կողմը անմիջական օժանդակություն է ցուցաբերում, ներառյալ ռազմական: Ագրեսիայի վտանգի և ռազմական դրության պայմաններում ռուս-աբխազական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի կողմից»:

Համաձայնագրի ստորագրման դեպքում աբխազական բանակը, որի թվաքանակը խաղաղ ժամանակ տատանվում է 3-5 հազարի միջակայքում, իսկ պահեստազորի մոբիլիզացման դեպքում կարող է հասնել մինչև 40 հազարի, աստիճանաբար անցնելու է ռուսաստանյան չափանիշերին:

«Օպերատիվ համադրելիության հասնելու նպատակով պայմանագրի ստորագրումից հետո ընկած երեք տարիների ընթացքում կողմերը ռազմական կառավարման, նյութատեխնիկական, ինչպես նաև սոցիալական ապահովման չափանիշերի նույնականացում կիրականացնեն: Պայմանագրի ստորագրումից հետո Աբխազիայի Զինված ուժերի անձնակազմի նախապատրաստումը իրականացվելու է Ռուսաստանի Դաշնության օրենսդրական ակտերի հիման վրա»,- նշված է համաձայնագրի նախագծում:

Ինչ վերաբերում է սահմանների պաշտպանությանը, ապա համաձայնագրի ստորագրման ու վավերացման դեպքում ռուս-աբխազական պետական սահմանը փաստորեն դադարելու է գոյություն ունենալ:

«Այն բոլոր ուժերը, որ այսօր տեղակայված են ռուս-աբխազական սահմանին, աստիճանաբար կրճատվելու են և տեղակայվելու են վրաց-աբխազական սահմանագծի երկայնքով՝ իրականացնելով դրա պաշտպանությունը»,- գրված է փաստաթղթում:

Ինտեգրացիոն գործընթացները չեն շրջանցի Աբխազիայում գործող մյուս ուժային կառույցները ևս:

«Կազմակերպված հանցավորության, ինչպես նաև հանրային վտանգ ներկայացնող այլ հանցագործություններին և ծայրահեղականությանը հակազդելու նպատակով կողմերը պայմանագրի ստորագրումից հետո մեկ տարվա ընթացքում պետք է ստեղծեն Ներքին գործերի մարմինների համատեղ համակարգող կենտրոն: Աբխազիան նաև պարտավորվելու է համապատասխանեցնել մաքսային ոլորտին վերաբերող իր ողջ օրենսդրությունը Եվրասիական տնտեսական միության կողմից ընդունված կարգավորումներին: Աբխազիայի հարկային և բյուջետային օրենսդրությունները պետք է համապատասխանեցվեն Ռուսատանի Դաշնության օրենսդրությանը»,- գրում են համաձայնագրի հեղինակները:

Սուխումիի կողմից իրականացվելիք այս բոլոր զիջումների դիմաց Ռուսաստանը պարտավորվում է ջանքեր գործադրել դիվանագիտական դաշտում՝ «ամեն կերպ օժանդակելով Աբխազիայի միջազգային կապերի ամրապնդմանը»։

«Այդ ջանքերը ներառելու են նաև Աբխազիան պաշտոնապես ճանաչած երկրների շրջանակի ընդլայնումը,ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և միավորումների կազմում Աբխազիայի ներգրավման նախադրյալների ստեղծում»`-նշված է համաձայնագրում:

Բացի այդ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնում սոցիալական ոլորտում: Մոսկվան պարտավորվում է ֆինանսավորել Աբխազիայում աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների բարձրացումը: Ռուսական իշխանությունները խոստանում են կարճ ժամանակահատվածում Աբխազիայի բոլոր բյուջետային հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը հասցնել նույն այն մակարդակին, որն առկա է Աբխազիային սահմանակից Հարավային Դաշնային օկրուգում:

2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականը Ռուսաստանը ֆինանսավորելու է նաև Աբխազիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների կենսաթոշակների ավելացումը։