Քրդերին անտեսելու Թուրքիայի քաղաքականությունը կարող է նոր շարժում ծնել

Քոբանին՝ մարտական գործողությունների թատերաբեմ

Մի օր քրդերը կփորձեն աշխարհին վստահեցնել, որ չեն կարող բնակվել մի երկրում, որի իշխանությունները շահագրգռված են իրենց կործանումով։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարում է, թե ԱՄՆ-ը չի համարում, որ դաշնակից ուժերն իրենց մարտավարությունը պիտի հենեն Քոբանիի դեմ իրականացվող գործողությունների վրա, քանի դեռ տեղի քրդական ուժերն ու «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը շարունակում են կատաղի մարտերը Սիրիայի Քոբանի քաղաքի համար։

Դաշնակից ուժերի ռազմավարությունը, նախ և առաջ, ուշադրությունը կենտրոնացնելու է ոչ թե Սիրիայում, այլ Իրաքում «Իսլամական պետության» գործողությունների վրա։ Այս մասին է հայտարարում Քերրին, երբ Քոբանիում տեղի քրդերը վերջին մարտերն են մղում ընդդեմ ծայրահեղական այս խմբավորման՝ գիտակցելով, որ Թուրքիայի հետ փակ սահմանների պայմաններում քաղաքի անկումը կնշանակի հազարավոր քրդերի կոտորած այստեղ։

Ինչպես Լոնդոնի Ռեջենթս համալսարանի պրոֆեսոր Իբրահիմ Սիրքեչին է ասում, Քոբանին քրդական ինքնավարության համար լուրջ փորձարկում է։ Այստեղ նրանք հաստատել են մի փոքր պետություն, որը զբաղվում է և՛ պաշտպանությամբ, և՛ ինքնակառավարմամբ։

Սակայն 7ՕՕ մարդ կարող է այսօր ենթարկվել ջարդի, եթե քաղաքն անցնի «Իսլամական պետություն» խմբավորմանը։ Այս մասին է նախազգուշացնում ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։ Նա կոչ է անում, որ դա արգելելու համար Անկարան թույլ տա Թուրքիայում բնակվող քուրդ կամավորներին անցնել Քոբանի։

Սակայն մի քանի տասնամյակ քրդական անջատողականության դեմ պայքարից հետո Թուրքիայի իշխանությունները, անտեսելով միջազգային համայնքի բոլոր կոչերը, ոչ միայն չեն պաշտպանում Քոբանիի քրդերին, այլև թույլ չեն տալիս քուրդ կամավորներին անցնել այնտեղ՝ պաշտպանելու իրենց հայրենակիցներին։ Այդ պատճառով Թուրքիայի մի շարք քաղաքներում ներկայումս բախումներ են տեղի ունենում քուրդ ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև։

Եթե այսօր Թուրքիան աջակցի քրդերին կամ գործողություններ իրականացնի ընդդեմ «Իսլամական պետության», կուժեղացնի Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերը, որը 3Օ տարի ռազմական գործողություններ էր իրականացնում Թուրքիայում՝ քրդական ինքնավարություն հաստատելու նպատակով։ Իբրահիմ Սիրքեչիի խոսքով, այդ պատճառով է, որ Թուրքիան չի ընդունում Արևմուտքի այն տեսակետը, որ Թուրքիան քրդերին այսօր պիտի դիտի որպես դաշնակիցներ։

Վերլուծաբան Մայքլ Սթիվընսի խոսքով, Թուրքիան «Իսլամական պետություն» խմբավորումից ու Սիրիայի քրդերից իր համար ավելի վտանգավոր է համարում քրդերին։

Սակայն Թուրքիան այս հարցում կարծես չունի երկարաժամկետ տեսակետ։ Եթե Քոբանին անցնի «Իսլամական պետություն» խմբավորմանը, քրդերը դա լավ են հիշելու, ու երբ այս ամենը մի օր ավարտվի, նրանք դա հիշեցնելու են թուրքերին։ Հանգամանք, որը մոտ ապագայում կարող է ընդդեմ Թուրքիայի համախմբել քրդական բոլոր խմբավորումներին։ Մի օր քրդերը կփորձեն աշխարհին վստահեցնել, որ չեն կարող բնակվել մի երկրում, որի իշխանությունները շահագրգռված են իրենց կործանումով։