Կիրակի երեկոյան Ուկրաինայի նախագահը բավարարել է երկրի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյի հրաժարականի դիմումը:
Ինչպես նշում է ուկրաինական մամուլը, Պետրո Պորոշենկոն, այնուամենայնիվ, կայացրեց այդ որոշումը՝ չնայած մինչև վերջին պահը հրապարակավ հայտարարում էր, որ Գելետեյը շարունակում է պաշտոնավարել:
Հրաժարականի մասին Կիևը հայտարարել է հաղորդագրությամբ՝ տեղադրելով այն նախագահի պաշտոնական կայքէջում:
Վալերի Գելետեյը երկրի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում էր այս տարվա հուլիսից:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ փոփոխությունների ժամանակը եկել է:
Նախարարի նոր թեկնածուի անունը Պորոշենկոն Գերագույն ռադա կներկայացնի այսօր, իսկ վաղը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանը կհաստատի այն, ինչպես հույս է հայտնել Ուկրաինայի նախագահը՝ նշելով, որ պաշտպանության նախարարից բացի ոլորտում նաև այլ փոփոխություններ են տեղի ունեցել:
Այդ որոշումները լրջորեն կնպաստեն Ուկրաինայի ուժային կառույցների ամրապնդմանն ու երկրի պաշտպանունակությանը, վստահեցրել է Պորոշենկոն:
Ուկրաինայի պաշտպանության արդեն նախկին նախարարը հաճախ էր հայտնվում քննադատության թիրախում: Ուկրաինական լրատվամիջոցներն անգամ հեգնում էին՝ նշելով, որ նա ընդամենը թիկնազորի պետ էր․ նախկին իշխանությունների օրոք Գելետեյը զբաղեցնում էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվտանգության ծառայությունը:
Ուկրաինացի քաղաքագետները նույնպես հոռետես էին Գելետեյի՝ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնելու հարցում: Որոշ փորձագետներ կարծիք էին հայտնում, որ նրա պաշտոնավարման արդեն առաջին ամիսներին ուկրաինական բանակը լուրջ հաջողությունների է հասել, սակայն շատերն էլ նրան մեղադրում էին անփորձ լինելու և անվճռական գործելու մեջ: