Բաքվում բազմամարդ ցույցի մասնակիցները նախագահի հրաժարականն են պահանջել

Ադրբեջանի ընդդիմադիրները բազմամարդ հանրահավաք են անցկացրել Բաքվում՝ պահանջելով նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը և կոչ անելով դադարեցնել իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետապնդումները:

Ցուցարարները նաև պահանջել են սերտացնել կապերը Ադրբեջանի և Եվրոպական միության միջև:

Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած հանրահավաքը կազմակերպել էր Ադրբեջանի ընդդիմադիր մի շարք կուսակցությունների, կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը:

Թեև միջոցառումը խաղաղ բնույթ էր կրում, կազմակերպիչները բարձրաձայնել են իշխանությունների կողմից ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով կազմակերպված սադրանքների մասին: Մասնավորապես, «Ազատության» ադրբեջանական ծառայության հաղորդմամբ, մի քանի անձինք փորձել են հանրահավաքի ժամանակ Իսլամական պետություն խմբավորման սև դրոշը պարզել, սակայն կազմակերպիչները դիմել են ոստիկանությանը և խնդրել այդ անձանց հեռացնել հանրահավաքի անցկացման վայրից: