Պակիստանցի Մալալա Յուսաֆզայն ու հնդիկ Քայլաշ Սաթյարթին պարգևատրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակով` երեխաների կրթության և կանանց իրավունքների ոլորտում տարած գործունեության համար։
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման հայտարարությունում Նորվեգիայի Նոբելյան հանձնախմբի ղեկավարը խոսել է այս տարվա դափնեկիրների խիզախության և հերոսության մասին։
«Նոբելյան հանձնախումբը կարևոր է համարում այն հանգամանքը, որ հինդու և մահմեդական, հնդիկ և պակիստանցի դափնեկիրները միանում են հանուն կրթության և ընդդեմ ծայրահեղականների»,- ասել է հանձնախմբի նախագահ Թորբյորն Յագլանդը։
Պակիստանցի Մալալա Յուսաֆզայը պայքարել է իր դպրոցում աղջիկների կրթության և իրավունքների պաշտպանության համար։ Այդ պայքարի պատճառով երկու տարի առաջ նա ենթարկվել էր ծայրահեղականների մահացու հարձակմանը։ Հարձակումը վերապրած Մալալան մեկ տարի անց ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի երիտասարդների համաժողովում։
«Մեկ երեխան, մեկ ուսուցիչը, մեկ գիրքը և մեկ գրիչը կարող են աշխարհը փոխել»,- հայտարարել էր Մալալան։
Խաղաղության Նոբելյան մրցանակի մյուս դափնեկիրն է Քայլաշ Սաթյարթին, ով երկար տարիներ Հնդկաստանում պաշտպանել է երեխաների իրավունքները և պայքարել է երեխաների ստրկային աշխատանքային պայմանների դեմ։
«Այս մրցանակը մեծ պատիվ է իրենց մանկությունից զրկված բոլոր երեխաների համար։ Դա մեծ պատիվ է նաև բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են երեխաների ստրկային աշխատանքի դեմ ամբողջ աշխարհում»,- ասել է Քայլաշ Սաթյարթին։
Սաթյարթին և Մալալան պայքարում են երկու հարևան երկրներում երեխաների իրավունքների պաշտպանության համար։ Սակայն այդ երկրներն ունեն խորը փոխադարձ անվստահություն և նույնիսկ այս շաբաթ տեղի են ունեցել սահմանային մահացու մի քանի բախումներ։
«Նոբելյան հանձնաժողովի պատգամն այսօր հայտարարում է, որ Հնդկաստանն ու Պակիստանը կանգնած են նույնօրինակ մարտահրավերների առջև և ունեն շատ նման ակտիվիստներ, ովքեր պայքարում են հանուն երեխաների ապագայի»,- ասել է Մուստաֆա Կադրին Amnesty International կազմակերպությունից։
Կադրին և այլ փորձագետներ նշել են, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը երեխաների իրավունքների ջատագովներին շնորհելը հարգում է ոչ միայն նրանց աշխատանքը, այլ նաև ցույց է տալիս, թե որքան ավելի աշխատանք կա անելու։