Իշխող Հանրապետականի համար Գագիկ Ծառուկյանի նախագահական հավակնությունները անակնկալ չեն:
Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները հստակ հայտարարել են, որ իրենք դեմ են Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին և երկրի կառավարման մոդելի փոփոխությանը, քանի որ նախագահի թեկնածու ունեն:
Նախօրեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ համատեղ ասուլիսում անակնկալ հայտարարեց, թե պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։
«Բացարձակապես անակնկալի չեկանք, եթե մարդիկ էսքան ժամանակ այդքան քայլեր են անում, ուրեմն նպատակներ ունեն։ Ասում ենք՝ ինչու չեք ուզում, որ մոդելը փոխվի, խորհրդարանական մոդելի անցնենք, ասում են՝ որովհետև մենք թեկնածու ունենք, էս անգամ էլ թող մենք լինենք նախագահ։ Էքսպերիմենտ է դարձել էս դաշտը»,- ասաց Բաղդասարյանը։
Հանրապետականը ոչ միայն տեղյակ է Գագիկ Ծառուկյանի նախագահական հավակնություններին, այլև վստահ է՝ Ծառուկյանը ոչ թե խոսում է արտահերթ, այլ 2018-ի հերթական ընտրությունների մասին:
«Քաղաքական երկրորդ ուժի ղեկավարը բավականին լուրջ է վերաբերվում այդ խնդրին և նա խոսում է 2018 թվականի մասին։ Ես իրենք լուրջ քաղաքական գործիչ եմ համարում, այդ պատճառով էլ կարծում եմ, որ խոսում է 18 թվի մասին, ինձ թվում է այդ ամենը վերաբերում է հերթական նախագահական ընտրություններին»։
«Ազատության» դիտարկմանը, որ միգուցե Ծառուկյանը 2018 թվականի ընտրությունը նկատի չունի, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց.- «Համենայնդեպս, նախագահական ընտրությունները պետք է լինեն 2018 թվականին»։
Պարզվում է՝ Հայ հեղափոխական դաշնակցության համար, որը հրաժարվել էր մասնակցել եռյակի այսօրվա հանրահավաքին, նույնպես անակնկալ չի եղել Գագիկ Ծառուկյանի նախագահական հավակնությունները:
«Բայց ի՞նչն էր էստեղ զարմանալի, ճիշտն ասած՝ ես զարմանում եմ ձեր զարմանքի վրա»,- ասաց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Ռուստամյանի փոխանցմամբ՝ իրենք իզուր չէին պնդում, որ համակարգային փոփոխությունները, այդ թվում՝ երկրի կառավարման խորհրդարանական մոդելին անցում կատարելը պետք է իրականացվի հիմա, և ոչ թե հաջորդ նախագահական ընտրություններից հետո: Դաշնակցությունում վստահ են՝ գործող համակարգի պայմաններում ով էլ լինի այդ աթոռին, միևնույն է՝ լավ ապագա չենք ունենալու: Հետևաբար, դաշնակցական գործչի փոխանցմամբ, իրենց պատկերացրած իշխանափոխությանը էապես տարբերվում է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի պատկերացրած իշխանափոխությունից։
«Մենք ամբողջական իշխանափոխություն ասելով հասկանում ենք ոչ միայն վարչախմբի հեռացումը, այլև համակարգի փոփոխությունը։ Իրենք ի՞նչ են հասկանում առանց համակարգի փոփոխության ամբողջական իշխանափոխություն ասելով, մեզ համար անհասկանալի է: Սա նշանակում է մարդափոխություն։ Այդ մարդափոխության մենք դեմ ենք։ Հիմա մրից դուրս գանք, մրջուրն ընկնե՞նք»։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը իր նախագահական հավակնությունների մասին հայտարարեց երեկ, արդյո՞ք դա ենթադրում է, որ նա պատրաստ է արտահերթ լուծումների, Արմեն Ռուստամյանն ասաց, թե ամենայն հավանականությամբ նրանք ցանկանում են այս տարվա ընթացքում հասնել իշխանափոխության, բայց թե ինչ ճանապարհով, դա է խնդիրը:
«Մենք իշխանափոխությանը՝ որպես այդպիսին, երբեք դեմ չենք եղել։ Անհապաղ իշխանափոխությունը ունի մեծ վտանգ, արդյոք դա տեղի կունենա առանց արյունահեղության, թե՞ ոչ։ Սա է խնդիրը։ Երբ որ դա տեղի է ունենալու, այսպես ասած, զոհվողներն ո՞վքեր են լինելու՝ առաջնորդներից, թե՞ հասարակ ժողովրդից։ Որովհետև ով էլ եկավ անհապաղ իշխանափոխության ծրագրով, նախ և առաջ հավաստիացրեց մարդկանց, որ բացի իրենցից ոչ մի զոհ չի պահանջվելու, բայց պահանջվեց։ Մյուսն էլ եկավ ասաց՝ «ես ինքնազոհողության եմ գնալու», ժողովուրդը դրան հավատալով եկավ հրապարակ ու չստացվեց»։
«Այսինքն ժողովրդին ինչ-որ մի գաղափարով լիցքավորել, հետո այդ ծրագիրը չիրականացնելը կամ պիտի առաջացնի հերթական հիասթափությունը, կամ պիտի բերի արյունահեղության։ Երկուսն էլ մեզ համար անընդունելի է»,- եզրափակեց Ռուստամյանը։