Ըստ Մուժնիեկսի՝ Կոստանյանի հետ կապված իրավիճակը «շատ յուրօրինակ» է

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը (ձախից) Եվրադատարանում լսումների ժամանակ, արխիվ

ԵԽ հանձնակատարը դժվարանում է գնահատական տալ գլխավոր դատախազի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության շահերը ներկայացնելու փաստին:

«Շատ յուրօրինակ իրավիճակ» որակեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության շահերը ներկայացնելու փաստը, ինչը, իրավաբանների պնդմամբ, օրենքի խախտում է:

«Որքանով ինձ հայտնի է՝ Եվրոպայի խորհրդում պաշտոնների համադրության շատ յուրօրինակ իրավիճակ է: Սա այն իրավիճակն է, որ ես մանրամասնորեն չեմ ուսումնասիրել՝ ռիսկերի կամ պոտենցիալ օգուտների հետ կապված, թե ինչ հետևանքներ կարող են լինել», - «Ազատության» խնդրանքով անդրադառնալով տվյալ հարցին՝ ասաց Մուժնիեկսը:

«Գլխավոր դատախազն ասաց, որ ինքը իր հետաքննություններին շատ լուրջ է վերաբերվում, որովհետև նա գիտի, որ հնարավոր է, որ վերջնական հաշվով իր գործերը նա ստիպված լինի պաշտպանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Բայց դատական մարմնում կան մարդիկ, ովքեր ասում են, որ այս երկու պաշտոնների համադրությունը տեղին չէ», - նշեց Մուժնիեկսը:

Հանձնակատարն ընդգծեց, որ շատ ուրախ կլինի, եթե այս հարցի մասին քննարկումներն ու ծավալուն բանավեճերը ավելի մեծ տարածում գտնեն: