Այսօր խորհրդարանում տեղի ունեցած եռյակի նիստից հետո «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ եռյակի լիդերները Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու են վաղը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին ու հանդես են գալու ելույթներով։
Այսօրվա նիստի գլխավոր հարցը եղել է այն, թե արդյոք լիդերները կհնչեցնե՞ն իշխանափոխության կոչեր։
Իշխող կուսակցությունում լուրջ չեն ընդունում ԲՀԿ-ի տարբեր պատգամավորների, նաև եռյակի մյուս երկու ուժերից՝ ՀԱԿ-ից և «Ժառանգություն»-ից հնչող իշխանափոխության կոչերը: Հանրապետականում սպասում են, որպեսզի իշխանափոխության մասին բարձրաձայնեն եռյակի լիդերները, այդ թվում՝ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Հանրապետական պատգամավոր, խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Եթե լիդերները կգան և կպահանջեն [իշխանափոխություն], մենք կհասկանանք, որ արդեն պահանջում են, և դա լուրջ է, և կփորձենք հակադարձել»։
«Ազատության» հարցին, թե եռյակի լիդերները Ազատության հրապարակի հարթակից վաղը իշխանափոխության պահանջ կհնչեցնե՞ն, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ բոլորին՝ այդ թվում հանրապետականներին, հրավիրում են վաղը Ազատության հրապարակ՝ տեսնելու, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ ելույթով է հանդես գալու։
Հակոբյանը փոխանցեց, որ լիդերների օրակարգում իշխանափոխության հարցն է՝ հավելելով, որ վաղը եռյակը, այդուամենայնիվ, կհնչեցնի Կառավարությանը ամիսներ առաջ ներկայացրած 12 պահանջների կատարման առնությամբ իրենց գնահատականը։ Սակայն 12 կետերի հարցն արդեն երկրորդ պլանում է՝ սկսվում է «իշխանափոխության գործընթաց»։
Եռյակն ակնկալում է, որ սա կլինի վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքը, որին կհետևի երթ Երևանի կենտրոնական փողոցներով։ Սակայն եռյակը երթով նախագահական գնալու ծրագիր չունի։
Հանրահավաքի ընթացքում գործելու է թեժ գիծ, ու եթե իշխանությունները փորձեն ճանապարհներ փակել, լրագրողներից, պատգամավորներից կազմված արագ արձագանքման խմբերը տեսախցիկներով մեկնելու են այն վայրերը, որտեղից ահազանգ է ստացվել ու փորձելու են խնդիրը տեղում լուծել։
Վաղը կլինի ավարտուն, բայց շարունակական հանրահավաք։