Քրգործ՝ ՀԺ-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու փաստով

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ սեպտեմբերի 19-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի աշխատանքների լուսաբանման ընթացքում, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խոչընդոտել է իր լրագրողական գործունեությանը։

Մասնավորապես, ըստ լրագրողի, Կարապետյանին ուղղված հարցից հետո վերջինս իր ձայնագրիչը ձեռքից վերցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսում եղած` տվյալ գործողության վերաբերյալ տեսաձայնագրությունը ջնջելու միջոցով խոչընդոտել է իր լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը:

Նկատի ունենալով, որ Թագուհի Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու հիմքեր՝ Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով («լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»), կատարվում է նախաքննություն, ասված է հաղորդագրությունում: