«Ա1+»-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ կհարուցվի

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի գլխավոր դատախազը վերացրել է «Ա1+»-ի լրագրողի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ Հատուկ քննչական ծառայության որոշումը։

Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ լրագրող Մարինե Խաչատրյանի և Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի փաստով, գլխավոր դատախազի որոշմամբ, այնուամենայնիվ, պետք է քրեական գործ հարուցվի։

Հիշեցնենք, սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի գլխավոր մուտքի դարպասներին փակցված «Բարև Ռոբ» գրությամբ պաստառը պոկելուց հետո խորհրդարանի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը փորձել էր հրել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանին, ով այդ պահին նկարահանում էր կատարում։ Լրագրողի ներկայանալուց հետո էլ Հայրապետյանը հարվածել էր նրա ձեռքին և գցել նկարահանող սարքը։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը ծիծաղելի է համարում այն փաստը, որ Հատուկ քննչական ծառայությունը տեսագրության մեջ օրենքի խախտում չի տեսել ու քրեական գործ չի հարուցել։

«Ես չէի ուզի մտածել էն ուղղությամբ, որ սա հերթական խաղն է՝ դեպի լղոզում տանելը։ Կան անհերքելի փաստեր, տեսագրությունը, որտեղ ամեն ինչ պարզ երևում է։ Մենք, իհարկե, բողոքարկել էինք Հատուկ քննչական ծառայության որոշումը, որ չեն տեսել օրենքի որևէ խախտում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մովսեսյանը։

Ըստ հեռուստաընկերության տնօրենի, գործ չհարուցելու մասին որոշումը կայացվել է լրագրողի հետ Հատուկ քննչական ծառայությունում ընդամենը մեկ անգամ տեղի ունեցած հանդիպումից հետո, որը բավական երկար է տևել։

«Նա կանչվել է ընդամենը մեկ անգամ, որտեղ նրան պահել են մոտավորապես վեց ժամ։ Դա էլ է ինձ համար մի քիչ անհասկանալի. ի՞նչ էր պետք պարզել՝ ունենալով ձայնագրությունը, վեց ժամ քննելով և տանջելով մեր աշխատողին, դա էլ անհասկանալի է, և մինչև այսօր էլ որևէ հարցաքննություն կամ զրույց չի եղել», - ասաց Մովսեսյանը։

Տնօրենի խոսքով՝ առերեսում միջադեպի մասնակից Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետի հետ մինչև այսօր չի եղել։

«Մեր հենց բողոքարկելն էլ նաև նա է, որ առերեսում էլ չի եղել, և, ընդհանրապես, քննչական մարմինները ամեն ինչ արել են, որ լղոզեն էս պատմությունը», - ասաց Մովսեսյանը։

«Ա1+»-ի տնօրենի բնորոշմամբ՝ լրագրողների նկատմամբ նման պահվածքն անպատժելիության հետևանք է։

Քրեական գործը մերժելու ՀՔԾ-ի որոշումը բողոքարկել էր նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպության ծրագրերի պատասխանատու Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե գլխավոր դատախազությանը այլ ելք չէր մնում, քան իրենց բողոքի հիման վրա ՀՔԾ-ի որոշումը բեկանելը։

«Որևիցե տեղ գրված չէ, որ լրագրողը հանրային օգտագործման տարածքներում, ինչպիսին են, օրինակ, փողոցները, մայթերը, պարտավոր են կրել իրենց վրա բեյջեր։ Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետը, ով նաև ազգային անվտանգության փոխգնդապետ է, միգուցե չգիտեր, որ Մարինե Խաչատրյանը լրագրող է, բայց դա չի նշանակում, որ իր գործողությունները կարող են իրավաչափ դիտվել», - ասաց Իոաննիսյանը։

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչնդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400 ապատիկի չափով: