Վրաստանի իշխանությունները խոստանում են լուծում տալ վիրահայերին հուզող խնդրին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը Թբիլիսիում, 7-ը հոկտեմբերի, 2014թ․

Վիզային ռեժիմի նոր կարգի հետ կապված՝ ջավախահայերի համար խնդիրներ են առաջացել, և նրանք դիմել են Վրաստան այցելող Հայաստանի Ազգային ժողովի նախագահին:

Այսօր ավարտվում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Վրաստան:

Այցի վերջին օրը նախատեսված է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խմբերի համատեղ նիստը:

Իսկ մինչ այդ, Գալուստ Սահակյանը երեքշաբթի օրը հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, ինչպես նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Նախորդ օրը կայացել էր երկու երկրների խորհրդարանների նախագահների՝ Գալուստ Սահակյանի ու Դավիթ Ուսուպաշվիլիի հանդիպումը:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ այս հանդիպումից հետո Ուսուպաշվիլին հայտարարել է. - «Մենք ևս մեկ անգամ վերահաստատել ենք, որ չնայած այն բանին, որ Վրաստանը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շնորհիվ կանգնել է եվրաինտեգրման ճանապարհին, իսկ Հայաստանը, ելնելով իր ռազմավարական շահերից ու ինքնիշխան իրավունքից, պատրաստվում է միանալ Եվրասիական միությանը, մեր երկու երկրների հարաբերություններում ոչ մի բացասական փոփոխություն տեղի չի ունենա։ Ընդհակառակը, մենք պայմանավորվել ենք այդ միություններում պաշտպանել միմյանց շահերը»:

Գալուստ Սահակյանի այցելության ընթացքում Վրաստանի վիզային ռեժիմի նոր կարգի հետ կապված իրենց մտահոգությունները նամակով նրան էին ուղղել ջավախահայերը:

Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքով՝ օտարերկրացիները այդ երկրում առանց վիզայի կարող են մնալ 90 օր: Ավելի երկար մնալու համար վիզային ռեժիմ է սահմանվել:

Ջավախահայերի համար խնդիրներ են առաջացել, որովհետև Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող շատ ջավախահայեր տեղում խնդիրներ չունենալու համար Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիություն են ձեռք բերել ու հիմա, քանի որ նրանք արդեն արտասահմանցի են, ստացվում է, որ առանց վիզայի նրանք կարող են Վրաստան՝ տուն վերադառնալ միայն 90 օրով: Հայաստանի պատվիրակությանը նրանք խնդրել էին Վրաստանի ղեկավարների հետ հանդիպումներում բարձրացնել իրենց մտահոգող այս հարցը:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Գալուստ Սահակյանը տվյալ խնդրի կապակցությամբ ասել է․ - «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել և աջակցությունը խնդրել՝ դյուրացնելու մշտական կացության իրավունքի տրամադրումը հայազգի վրաստանաբնակ այն քաղաքացիներին, որոնք, մեկնելով արտագնա աշխատանքի, ստացել են այլ երկրների քաղաքացիություն: Վրաստանում օրենսդրական փոփոխությունների հետևանքով նրանք հայտնվել են դժվար կացության մեջ` հնարավորություն չունենալով մշտապես բնակվել իրենց ընտանիքների հետ»:

Նույն աղբյուրի վկայությամբ՝ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Վրաստանում վիզային ռեժիմին առնչվող օրենսդրական փոփոխություններին, տեղեկացրել է. - «Ասոցացման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ մենք ստացել ենք աշխատանքային պլան: Դրանով են պայմանավորված վիզային ռեժիմի նոր կարգավորումները, որոնցից ելնելով՝ հարկ եղավ օրենսդրությունը ենթարկել որոշակի փոփոխության: Պետությանն իրավունք է վերապահված որոշ երկրների կամ քաղաքացիների նկատմամբ արտոնություններ սահմանելու: Այդ հարցին անպայման լուծում կտրվի»:

«Նովոստի - Գրուզիա»- ի թղթակից Ծովիկ Ակոպովան գրում է, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին չի բացառել օրենսդրական փոփոխությունները: Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ևս նշել է, որ վիզային ռեժիմի նոր կարգը շտկումների կարիք ունի: