Հայաստանում այս օրերին հանգրվանել է «Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» խորագրով փառատոնը:
Հայաստանում առաջին անգամ իրականացվող այս ծրագրին մասնակցում են Մետաքսի ճանապարհի 12 երկրներից (Հնդկաստանից, Չինաստանից, Ղազախստանից, Իրանից, այլ երկրներից) ժամանած երաժիշտներ:
Նրանց մասնակցությամբ գալա համերգը կկայանա վաղը Հ․ Պարոնյանի անվան թատրոնի բեմում: Հայաստանը համերգում կներկայացնի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը:
Փառատոնը Հայաստանում հյուրընկալելու մտահղացման հեղինակը նույնպես Հասմիկ Լեյլոյանն է: Կազմակերպիչներն են Մշակույթի նախարարությունը և Armenian Music Center կազմակերպությունը:
«Ես ինքս հրավիրված եմ եղել տարբեր երկրներում Մետաքսի ճանապարհի համերգներին: Վերջինը՝ 2010 թվականին Սիրիայում էր: Մեծ ցանկություն կար և՛ մեր ազգին ցույց տալ տարբեր ազգերի ազգային երաժշտությունը, և՛ մեր ազգը ներկայացնել տարբեր երկրներում»:
Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Երանուհի Մարգարյանը նշեց․ - «Մենք ազգային երաժշտության պրոպագանդման և տարածման մեծ խնդիր ունենք այսօր: Մեր դասական երաժշտությունը ամբողջ աշխարհը ճանաչում է, սակայն խնդիր ունենք ազգային, ավանդական նվագարանային երաժշտությունը տարածելու: