Այս տարվա օգոստոսից Դիլիջանի միջազգային դպրոցն արդեն բացել է դռները ու 48 երկրից ընդունել 96 աշակերտ, որոնցից 10-ը՝ Հայաստանից։ Եվս 11 հայ աշակերտներ մեկնել են ՝ UWC` «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցին պատկանող այլ դպրոցներ։ Բոլորն էլ ստացել են ֆինանսական աջակցություն: Աշակերտներին ընդունելիս դպրոցը ծնողների կարողությունները հաշվի չի առել։
Ուսուցիչները 20-ն են, 4-ը՝ հայեր։ Հարցին, թե դժվար չի՞ եղել ուսուցիչներին հեռավոր մեգապոլիսներից բերել այսքան հեռու փոքրիկ քաղաքում՝ Դիլիջանում աշխատելու, տնօրեն բրիտանացի Ջոն Փադըֆութին պատասխանեց. - «Ոչ, հետաքրքրվածների թիվը հսկայական էր, և ես կարողացա ընտրել շատ ուժեղ կազմի»։
«Բոլորն այստեղ այնքան հետաքրքիր են, այնքան բաց հայացքներ ունեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց աշակերտուհիներից մեկը։
Հարավային Աֆրիկայից Փրինսիսն էլ մյուս աշակերտների պես հնարավորություն է ունեցել UWC 14 քոլեջներից ընտրել 3-ը, նրա առաջին ընտրությունը Սվազիլենդի դպրոցն է եղել՝ տնից շատ հեռու չգնալու պատճառով, երկրորդը՝ Հայաստանի դպրոցն էր։
«Այնքան ուրախ եմ, կարծես տանը լինեմ։ Չէի պատկերացնի, որ ինձ այսքան ընդունված կզգամ, քանի որ այսքան տարբեր մշակույթից եմ եկել», - ասաց աշակերտուհին։
Աշակերտները Դիլիջանի դպրոցում կսովորեն նաև հայերեն ու կծանոթանան հայկական մշակույթին, գոնե այնքան, որ երկու տարի Հայաստանում ապրելիս կարողանան հաղորդակցվել։ Օրինակ՝ Մալազիայից ժամանած Լինան մինչև այստեղ գալը Հայաստանի մասին չէր լսել, այս երկրի մասին չգիտեին անգամ նրա ծնողները։ Հիմա, ասում է, շատ է ցանկանում հայերեն սովորել։
«Կարծում եմ՝ այստեղ բոլոր սովորողներն էլ ցանկանում են ինտեգրվել, ոչ թե փակված լինենք ինքներս մեր մեջ։ Դա մեր նպատակներից մեկն է», - ասաց Լիան։
Դիլիջանն ավելի լավ ճանաչելու մեծ ցանկություն ունեցող ու ոգևորված աշակերտներին սպասում է հիասթափված քաղաքը։
«Մի աչքս փառակալած է՝ փող չունեմ, որ գնամ վիրահատվեմ», - «Ազատության» հետ զրույցում սրտնեղեց տեղի բնակիչներից մեկը։
Մեկ այլ բնակիչ էլ ասաց. - «Գործ չկա, ապրուստ չկա, ժողովուրդն էս ա՝ առավոտն իջնում են քաղաք, սոված-ծարավ նորից գնում պառկում քնում, վերջ, էդ ա մեր ապրուստը»։
Դիլիջանում ամենամեծ խնդիրը գործազրկությունն է, ընկճվում են ոչ միայն պարապ մնալուց, այլև որդիների, դստրերի ու թոռների կարոտից։ 1995 թվականին և դրանից առաջ ավելի քան 22 հազար բնակիչ ունեցող քաղաքում այսօր ապրում է մոտ 13 հազար մարդ, բացակայող համարյա 9 հազար դիլիջանցիները քաղաքում թողել են հեռու ու մոտիկ հարազատներին։
«Ազատության» հարցին, թե Ռուսաստան գնացողները շա՞տ են, գյուղացիներից մեկը պատասխանեց. - «Դա պարզ է, 100 տոկոս, էդ գնացողներով են էդ ժողովուրդն ապրում. գնում, կոպեկ են ուղարկում, էս ժողովուրդն ապրում ա։ Տղես, հարսս, թոռներս էնտեղ են»։
Դիլիջանցիներն անպայման նաև ավելացնում են, թե ինչ պատասխանատու պաշտոններ են ունեցել ժամանակին, որ այցելուին չթվա, թե մարդիկ միշտ են այստեղ ժամանակը նարդի խաղալով անցկացրել։ Բացի այդ, քաղաքը հպարտության նոր առիթ ունի՝ Դիլիջանի միջազգային դպրոցը հասցրել է դառնալ քաղաքի պարծանքը։
Սակայն դպրոցով Դիլիջանում առայժմ միայն հպարտանում են, այն տնտեսական բարերար ազդեցություն քաղաքի կյանքի վրա չի ունեցել, թեև քաղաքի մի քանի տասնյակ բնակիչներ աշխատել են շինարարության վրա, այժմ էլ դպրոցի հավաքարարներն ու սպասարկման ոլորտի մյուս աշխատակիցները դիլիջանցիներ են։