Հայաստանն ու Վրաստանը ընտրել են միջազգային քաղաքական ինտեգրացիոն տարբեր ուղիներ, սակայն նման մոտեցումները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ երկու երկրների հետագա շփումների ու կապերի համար: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակներում երեկ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ հանդիպման ժամանակ։:
Ըստ Հայաստանի խորհրդարանի նախագահի, երկու երկրների կապերը որոշակի առումով կարող են իրենց դրական անդրադարձն ունենալ նաև տարածաշրջանում գործընկերային և փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սահակյանը, անդրադառնալով Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության ուղղությամբ:
Գալուստ Սահակյանը նաև նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի որոշ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել, որ հայ - վրացական սահմանային անցակետերում վրաց սահմանապահների կողմից արգելվել է վերջիններիս մուտքը Վրաստանի տարածք:
Վրաստանի խորհրդարանի նախագահն ափսոսանք է հայտնել նման միջադեպերի առնչությամբ և հույս հայտնել, որ խնդիրը կկարգավորվի:
Հանդիպման ավարտին Ազգային ժողովի նախագահը Վրաստանի խորհրդարանականներին 2015 թվականին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին:
Նույն օրը Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի նախագահը կրկին անդրադարձել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ անհրաժեշտ համարելով հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության գործում: Գալուստ Սահակյանը նաև մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ՝ նշելով, որ վտանգված է ամբողջ արևելյան քրիստոնեական քաղաքակրթությունը:
Իլյա երկրորդն ասել է, որ Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում քրիստոնեության օազիսներ են, հավելելով, որ երկու ժողովուրդներին կհաջողվի խնդիրներին արդար լուծում տալ:
Անդրադառնալով Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Վրաց պատրիարքը համարել է դրանք առավել քան վտանգավոր:
Այնուհետև Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ: