Այսօր հարցազրույցների փուլով մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուի ընտրության մրցույթը։ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում է 11 թեկնածու։ Նախատեսված է, որ առաջիկա օրերին կշարունակվեն թեկնածուների հարցազրույցները: Մրցութային հանձնաժողովը ՄԻԵԴ անդամի թեկնածուներից յուրաքանչյուրին կարող է քննել առավելագույնը 2 ժամ:
Այսօր հարցազրույցի են մասնակցել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, փաստաբան Արա Ղազարյանը, գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը և ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս Վիգեն Քոչարյանը:
Նրանց հավաքած միավորները հստակ կլինեն առաջիկա օրերին՝ մյուս թեկնածուների հարցազրույցներից հետո:
Ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուների անունները մրցութային հանձնաժողովը պետք է ներկայացնի նախագահին:
5 օրվա ընթացքում այդ ցուցակը պետք է հաստատի Հայաստանի նախագահը, ապա, ըստ հաստատված կարգի, ցուցակն ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ անդամին ընտրելու են Եվրոպական դատարանում:
Եթե նախագահը չհաստատի ցուցակը, պետք է կրկին մրցույթ հայտարարվի:
Կարգի համաձայն, երեք թեկնածուների ցուցակում պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ: