Վարչապետը հանձնարարել է հետաձգել գույքագրման պահանջի ժամկետը

ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց, 2-ը օգոստոսի, 2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ֆինանսների նախարարին Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:

Համաձայն կառավարության տարածած հաղորդագրության՝ փոքր և միջին ձեռնարկությունների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:

Վարչապետը նաև հանձնարարել է քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ: